Կարմիր խաչի կամավորները հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն՝ մոտիվացիայի տարբեր աղբյուրներ: Կինոման, ֆոտոսիրահար Անի Զարգարյանը սոցիալական խնդիրներին նայում է իր ֆոտոխցիկի օբյեկտիվից՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության սոցիալական նախաձեռնությունների է մասնակցում։
- Կարմիր խաչի շնորհիվ ավելի տեղեկացված եմ, մարդկանց խնդիրներն այն աստիճան չէի տեսնում, ինչպես հիմա։ Նախկինում եթե ինչ-որ անօգնական մարդ էի տեսնում փողոցում, կարող է անցնեի, գնայի։ Հիմա այլ կերպ եմ մտածում՝ եթե իրեն չօգնեմ, բա մյուսներին կկարողանա՞մ, - պատմում է նա։
Անին ավարտել է Հայաստանի ազգային ագրային համալսարանի տեխնոլոգիական բաժինը, մասնագիտությամբ ինժիներ-տեխնոլոգ է, աշխատում է որպես քիմիկոս, բայց կամավորություն սկսելու շարժառիթներից մեկն իր կողմից արված լուսանկարներն են եղել․
- Տավուշի մարզում՝ սարի վրա կային փոքրիկ տնակներ, դրանք զարդարված էին հետաքրքիր նկարներով: Շրջակայքում երեխաներին խաղում՝ հնամաշ շորերով, երևի անգամ խաղալիքներ չունեին, բայց նրանց աչքերում այնքան ոգևորություն կար: Ոչ ինտերնետ ունեին, ոչ հեռախոս, ոչինչ չունեին ու երջանիկ էին: Այդ նկարներով ես շնորհավորել էի իմ բոլոր ընկերների Նոր տարին: Դրանից հետո անընդհատ նայում էի այն նկարներին, և ուզում էի ինչ-որ բանով օգնել նրանց:
Այդ ժամանակ էլ ծանոթացել է Կարմիր խաչի կամավորներին մեկի հետ, եկել գրասենյակ և հասկացել, որ սա է այն տեղը, որից պետք է սկսել: Հիմա «Ժպիտների ակումբի» ակտիվ կամավորներից է, որի շրջանակներում հանրակացարանաբնակ երեխաների համար ժամանցային և ընդհանուր զարգացմանն ուղղված տարբեր միջոցառումներ են նախաձեռնում, օգնում դասերը պատրաստել։
- Ինչպես բոլոր կամավորները, այնպես էլ ես, ուզում եմ իմ գիտելիքների գոնե 1%-ը փոխանցել երեխաներին, այդպիսով ինչ-որ բանով օգտակար լինել, - ասում է Անին, - Կարմիր Խաչի կամավորները շատ հասուն և պատրաստված մարդիկ են, նրանցից ամեն անգամ նոր գիտելիքներ եմ ստանում: Բոլորը մարդամոտ են, իրար նկատմամբ շատ սրտացավ, ամեն ինչ պատրաստ են անել այս երեխաների համար, սա մի մեծ «ընտանիք» է:
Լուսանկարիչ, կինոման, քիմիկոս, արշավների սիրահար կամավորի բուռն առօրյաում միշտ էլ ժամանակ է գտնվում Կարմիր խաչի համար: Կամավորությունն էլ այսպես է սահմանում․
- Մենք պատրաստ ենք օգնել անշահախնդիր, հասկանալ կողքինի խնդիրը, ցավը: Կամավորության շնորհիվ բազմաթիվ նոր ընկերներ, գիտելիքներ, հմտություններ ես ձեռք բերում: Սա կամավորական առաջին փորձս է, սակայն կարծում եմ վերջինը չի լինի: