Սոսե Թուխտարյանի ձեռնարկած բոլոր գործերի հիմքում մարդկանց շահերը պաշտպանելը, օգնելը, աջակցելն է: Կրթությամբ իրավաբանական Սոսեն, շուրջ 4 տարի ակտիվ կամավոր է Հայկական Կարմիր խաչի ընկերությունում։
- Մանկուց ցանկանում էի դառնալ իրավաբան ո՛չ միայն այն պատճառով, որ հայրս իրավաբան է, այլև որ սա այն եզակի մասնագիտություններից է, որի շնորհիվ ես հնարավորություն ունեմ պաշտպանելու մարդկանց շահերը, ապագան, կյանքը: Արդեն զբաղվում էի իմ սիրելի մասնագիտությամբ՝ սովորում էի ու աշխատում, բայց ինչ-որ բան պակասում էր: Կյանքում ես ամեն ինչ կապում եմ գույների հետ, մարդասիրության գույնը՝ կանաչն էր պակասում: Առաջնորդվելով Մ.Գանդի խոսքերով՝ «Եղի՛ր այն փոփոխությունը, որ ուզում ես տեսնել աշխարհում», դիմեցի և Կարմիր Խաչում դարձա կամավոր:Սկսեցի իմ փոքրիկ գործունեությունը մարդասիրության աշխարհում:
2014 թվականից մինչև 2017-ը Հայկական Կարմիր խաչն իրականացնում էր «Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որի ամենակտիվ կամավորներից էլ Սոսեն էր: Դրա նպատակն է տարբեր միջոցառումների, դասընթացների, խաղերի, միջոցով օգնել, որ սիրիահայ երեխաներն ինտեգրվեն Հայաստանում։
- Մեր նպատակն էր, որ երեխաներն իրենց հայրենիքում զգան, ո՛չ մի կաշկանդող երևույթ չլինի: Մենք՝ կամավորներս, առաջնորդվում ենք Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների կողմից առաջարկված ձեռնարկով, որը բաղկացած է մի քանի բաժնից, օրինակ՝ ինչպես պաշտպանել իրավունքները, ու՞մ դիմել, ո՞ր կազմակերպություններին: Դասավանդումը տեղի չէր ունենում ավանդական մեթոդներով.մենք ունենք մեր երգը՝ «Արևի մարդիկ», որը դասն սկսելիս երգում ենք։ Ավարտին երեխաները գնահատում էին այն, կրկին՝ ո՛չ ավանդական մեթոդներով, այլ նկարելով այն սիմվոլները, որոնք արտահայտում են իրենց տպավորությունը դասի ընթացքում և՛պարում ենք, և՛ երգում, և՛ բացօթյա դասեր ենք անում: Այսինքն՝ դասապրոցեսը հնարավորինս հետաքրքիր ենք կազմակերպում:
Նրանք ականատես են եղել սարսափելի երևույթների, և մեր հիմնական գործառույթն էր լսել երեխաներին, փորձել օգնել նրանց՝ դուրս գալու այդ վիճակից: Երեխաները պատմում էին այն ինչ կուտակվել էր, իսկ մենք փորձում էինք թեթևացնել նրանց ապրումները, որոշ չափով սփոփել, - պատմում է Սոսեն։
Յուրաքանչյուր կամավոր իր հմտությունները օգտագործում է Կարմիր խաչում, բարելավում, զինվում նոր գիտելիքներով:
- Դու քոնը ներդնելով՝ քո մասնիկը, քո գույնը, գործը դարձնում ես առանձնահատուկ, - ասում է Սոսեն։
Չնայած բազմազբաղ առօրյային՝ սովորում է Փաստաբաների դպրոցում, մասնավոր ընկերությունում աշխատում է որպես գործադիր տնօրեն, արդեն ընդունվել և ուսումը շարունակելու է Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում, չի պատկերացնում իր կյանքն առանց մի մեծ գունապնակ ապահովող աշխարհի՝ Կարմիր խաչի:
- Մինչ Կարմիր խաչը կյանքս լրիվ այլ էր, հիմա՝ լրիվ այլ: Այն հնարավորություն է տալիս բազմակողմանիորեն ինքնադրսևորվելու, զարգանալու, սա ներդրում է վաղվա օրվա համար, վաղվա արևոտ օրվա համար, սա գիտակից հավատ է, որ վաղը լավ է լինելու: Իմ հոգու համար սա փոքրիկ տաքուկ անկյուն է, որտեղ իմ հոգին խաղաղվում է: Դու քեզ չես զգում օտար, դուք ամբողջ «ընտանիքով» փորձում եք մի բան փոխել աշխարհում, իրականացնել ուրիշների երազանքները: Կարմիր խաչն իմ կյանքը միանգամից գույներով լցրեց, այդ գույները ես կարող էի ստանալ միայն Կարմիր խաչի ներկերով:
Էլիզա Բալայան
ՀԿԽԸ կամավոր