2008թ. Հայկական Կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժինը ծրագրային գործունեության իրականացման ընթացքում Արարատի մարզում անցկացրել էր համայնքների խոցելիության և կարողությունների գնահատում: Դրա արդյունքում պարզվել էր, որ մոտ ութ համայնքների դպրոցներ գտնվում են անմխիթար վիճակում, ինչն իր ուղղակի անդրադարձն ուներ կրթության մատուցման որակի վրա:
Նշված խնդրին արձագանքելու նպատակով ծրագրի իրականացնողների կողմից մանրամասն ուսումնասիրվեց իրավիճակը, մշակվեցին հատուկ չափորոշիչներ` ամենախոցելի դպրոցն ընտրելու համար: Ընտրվեց Լուսառատ համայնքը, որը սահմանամերձ է և փախստականներով բնակեցված: Կարևորելով համայնքում նպաստավոր պայմաններում դպրոցահասակ երեխաների բարձրորակ ուսուցման կազմակերպումը և խնդրի հրատապությունը` ՀԿԽԸ-ն սկսեց միջոցների հայթաթման ակտիվ գործունեություն` աջակցելու դպրոցի վերանորոգմանը և ուսուցմանը նպաստող պայմանների վերականգնմանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ճապոնիայի կառավարությանը ներկայացրեց Լուսառատ համայնքի դպրոցի առաջին հարկի վերանորոգման վերաբերյալ ծրագիր, որը ոչ միայն դրական արձագանք ստացավ, այլ` հաստատվեց Ճապոնիայի կառավարության կողմից և արժանացավ դրամաշնորհի: Դպրոցի վերանորոգման աշխատանքներն իրականացվեցին 2011թ. փետրվար-մայիս ամիսներին, և նույն թվականի սեպտեմբերի 1-ին կայացավ դպրոցի բացման պաշտոնական արարողությանը, որին ներկա գտնվեցին ՀԿԽԸ նախագահը, ՀՀ Արարատի մարզպետը և մի շարք այլ պաշտոնատար անձինք: