Հայաստանի բնապահպանական խնդիրներից է Սևանա լճի մաքրության պահպանումը: Այս հարցը միշտ էլ հանրության ուշադրության կենտրոնում է և առնչվում է յուրաքանչյուրին, իսկ շրջակա միջավայրի մաքրության պահպանության գործում մեր դեր ունեն երիտասարդները:
Հայկական Կարմիր խաչի ընկերության երիտասարդ կամավորները, իրենցը համարելով լճի ափերի աղտոտվածության խնդիրը, տարիներ շարունակ`2000- 2006թթ., Գերմանական կարմիր խաչի, ԱՄՆ Միջազգային օգնության և զարգացման գործակալության և UMCOR- ի աջակցությամբ իրականացրել են «Մաքուր Սևան» ծրագիրը, որի նպատակն էր մաքրել լճի ափերը և հանրության ուշադրությունը հրավիրել լճի բնապահպանական խնդիրներին:
Այս ընթացքում` ՀՀ մարզերից, Գերմանիայից, Ֆիլիպինններից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Նորվեգիայից, Իսպանիայից, Ռուսաստանից մոտ 600 կամավորներ են մասնակցել Սևանի ափերին կազմակերպվող ճամբարին:
Ափամերձ տարածքի մաքրման աշխատանքներին զուգընթաց` ճամբարներում կազմակերպվում էին բազմաբնույթ աշխատանքային խմբակներ, բնապահպանական դասընթացներ, արշավներ` դեպի պատմական հուշարձաններ:
Արդյունքում`երիտասարդների ջանքերով, մաքրվել է լճի ավելի քան 70 կմ ափամերձ տարածք, շրջակա գյուղերի բնակչությանը և հանգստացողներին բաժանվել է Սևանա լճի խնդիրների վերաբերյալ ավելի քան 1000 ինֆորմացիոն թերթիկ: