- Երեխաները հատկապես շատ են սիրում նկարել համայնքի խնդիրները, ընտրում են ամենալավ նկարողին ու մանրամասն հրահանգում, թե ինչ պետք է նկարի, - պատմում է Անին՝ Տավուշի մարզային մասնաճյուղի կամավորը, որը համակարգում է Երեխաների կայուն զարգացում ծրագիրը, - շատ ոգևորված են մասնակցում, քննարկումների ընթացքում ավելի ազատ են դառնում։
Վերգինեն ու Անին Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներ են։ Վերգինեն՝ 10 տարի է, ինչ Կարմիր խաչում է, իսկ Անին՝ մեկ։ Եթե Վերգինեն աշխատել է մինչ այս Տավուշի մարզային մասնաճյուղի կողմից իրականացվող գրեթե բոլոր ծրագրերում, Անին դեռևս նոր է փորձ ձեռք բերում, սկզբում ներգրավվելով միայնակ տարեցներին սոցիալական աջակցության ծրագրերում, այժմ էլ՝ «Երեխաների կայուն զարգացում» ծրագրում։ Երկուսն էլ Իջևանի Պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետից են։
- Կամավորությունը շատ բան է ինձ տվել, - ասում է Վերգինեն, - և շփման փորձ եմ ձեռք բերել, և երեխաների հետ աշխատելու և աշխատանք կազմակերպելու։
Անին էլ հավելում է․
- Առանց կամավորության կյանքը շատ տխուր կլիներ, միայն՝ դաս – տուն, իսկ հիմա ես շատ անելիքներ ունեմ, հատկապես որ մեր գործը շատերին է պետք։
Երեխաների կայուն զարգացում ծրագիրը, որն իրականացվում է Տավուշում, Սյունիքում, Արագածոտնում ու Գեղարքունիքում, սկսվել է Երևանում՝ 2014 թվականից՝ սիրիահայ երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով։ 2014-2016թթ․ ծրագիրն իրականացվել է մոտ 480 սիրիահայ երեխաների համար՝ Երևանի 25 դպրոցներում: 2016թ-ից ծրագիրը շարունակվել է` ներառելով ևս 100 սիրիահայ երեխայի: Ծրագրի հաջողության մասին խոսում էին և մասնակից երեխաներն ու նրանց ծնողները, և ուսուցիչները, և Դանիական Կարմիր խաչի ներկայացուցիչները։ Արդյունքները հաշվի առնելով որոշվեց ծրագիրն իրագործել նաև մարզերում։
ՀԿԽԸ կամավորները, անցնելով դասընթացներ, ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ և հմտություններ, 8-14 տարեկան երեխաների համար ութ պարապմունք են անցկացնում, որոնց ընթացքում քննարկում են, թե ինչ իրավունքներ ու կարիքներ ունեն երեխաները, ինչ դեր կարող են ունենալ իրենց համայնքի կյանքում, ինչ է բռնությունը և ինչպես պետք է խուսափել դրանից:
Կամավորները, երեխաների համար ընկերական և վստահության մթնոլորտ ստեղծելով՝ հնարավորություն են տալիս նրանց իրենց շրջապատի երևույթների մասին կարծիք ձևավորելու, դրանք ճիշտ ընկալելու և վերարտադրելու: Այդ ամենը կազմակերպվում է ինտերակտիվ, դերային խաղերի ու քննարկումների միջոցով։
- Մասնակցության համար երեխաներին ընտրում են ուսուցիչները։ Մենք նրանց պատմում ենք, թե ծրագիրն իրենից ինչ է ներկայացնում, որից հետո իրենք որոշում են, թե հատկապես որ երեխայի համար այն օգտակար կլինի, - ասում է Վերգինեն, - մեծ ոգևորությամբ են մասնակցում հատկապես էսկուրսիաներին, որոնք ուղեկցվում են քննարկումներով։
Դասերը նպաստում են նաև երեխաների ընդհանուր զարգացմանը, նրանց՝ հասակակիցների և մեծերի հետ շփվելու հմտություններ տալիս, դարձնում ավելի համարձակ, զարգացնում հանդուրժողականությունը և խթանում խնդիրներին կառուցողական մոտեցումների ցուցաբերումը:
Ծրագիրն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Դանիական Կարմիր խաչի և անհատների աջակցությամբ։