1920թ․ մարտի 19-ին բժիշկ և հասարակական գործիչ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ հիմնադրվեց Հայաստանի Կարմիր խաչը։ Ընկերության՝ մեկ դարից ավել ձգվող մարդասիրական գործունեությունը տարիների ընթացքում ընդլայնվել է և այժմ ներառում է սոցիալ-առողջապահական, առաջին օգնության, աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի, որոնման և ընտանեկան կապերի վերականգնման, երիտասարդական և այլ ռազմավարական ուղղություններ: Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում՝ ՀԿԽԸ-ն նշված բոլոր ուղղություններով լայնածավալ ծրագրեր է իրականացնում ի նպաստ խոցելի համայնքների և շահառուների։ Այդ ամենը հնարավոր է դառնում նաև մեր կամավորների ու անձնակազմի նվիրման ու անշահախնդիր աշխատանքի շնորհիվ։ Ուստի շնորհավորում և շնորհակալություն ենք հայտնում մեր թիմին, բոլոր գործընկերներին, ում ջանքերով իրականացնում ենք մեր մարդասիրական առաքելությունը՝ նվազեցնելու ազգաբնակչության խոցելիությունը և թեթևացնելու մարդկային տառապանքները։
ՀԿԽԸ նախագահի պաշտոնակատար՝ Մխիթար Մնացականյան