ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Հայկական Կարմիր Խաչի ընկերություն»
հասարակական կազմակերպության
նախագահություն
ք. Երևան 15 փետրվարի 2024թ.
«Հայկական կարմիր խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության /այսուհետ՝ ՀԿԽԸ/ նախագահության 08.02.2024 թվականի թիվ 141/2 որոշմամբ ՀԿԽԸ նախագահությունը պատճառաբանված որոշմամբ մերժել էր անհայտ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված դիմումը՝ «Արտահերթ համագումար հրավիրելու վերաբերյալ», որը որևէ անձի կողմից չի բողոքարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Ավելին՝ արտահերթ համագումարի անցկացման ստորագրահավաքի կազմակերպումն իրականացվել է խախտումներով, առկա չի եղել անհրաժեշտ քանակի ստորագրություններ արտահերթ համագումարի դիմումը բավարարելու համար, ինչպես նաև առկա է հիմնավոր կասկած, որ թույլ են տրվել քրեորեն հետապնդելի արարքներ, ինչի կապակցությամբ ներկայացվել են համապտասխան հաղորդումներ և կազմակերպությունում իրականացվում են ստուգումներ։
Միևնույն ժամանակ ՀԿԽԸ նախագահությունը կանոնադրությամբ սահմանված պարտականությունների կատարման նպատակով հրավիրել է տարեկան համագումար 08.04.2024 թվականին, ինչի կապակցությամբ իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ։
Այնուհանդերձ՝ 15.02.2024 թվականին առանց նախագահության համապատասխան որոշման, կանոնադրությամբ ամրագրված նորմերի կոպիտ խախտումներով, ավելին՝ քրեորեն հետապնդելի արարքների թույլ տրմամբ, որոշ ինքնակոչների կողմից իրականացվում է հավաք՝ ՀԿԽԸ ՀԿ արտահերթ համագումարի անվան ներքո։
Վերը նշվածով պայմանավորված ՀԿԽԸ նախագահությունը դատապարտում է ինքնակոչ անձանց անօրինական գործողությունները և
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
ՀԿԽԸ նախագահությունը և ՀԿԽԸ անդամներն արտահերթ համագումար չեն հրավիրել և ինքնակոչները բացարձակ կապ չունեն նախագահության և ՀԿԽԸ-ի արտահերթ համագումարի անցկացման հետ։
ՀԿԽԸ նախագահությունը դիմում է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը և բոլոր իրավասու մարմիններին սույն հայտարարությունն ընդունել ի գիտություն։
ՀԿԽԸ նախագահությունը դիմում է իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ և պատժել իրավախախտներին։
ՀԿԽԸ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆ