Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հանգստի և ժամանցի նոր սենյակ` Աբովյանի հանրակացարանի տարեցների ու երեխաների համար [uri] => /news/renovated-activity-room-for-the-children-and-elderly-in-abovyan-dormitory-was-opened.html [id] => 165 [content] => 0 ) 1
Հանգստի և ժամանցի նոր սենյակ` Աբովյանի...

Հանգստի և ժամանցի նոր սենյակ` Աբովյանի հանրակացարանի տարեցների ու երեխաների համար

08.10.2015
Հանգստի և ժամանցի նոր սենյակ` Աբովյանի հանրակացարանի տարեցների ու երեխաների համար

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցավ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի 4-րդ նրբանցքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի` Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից վերանորոգված հանգստի և ժամանցի սենյակի բացումը: Միջոցառմանը ներկա էին ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը և Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեպանատան ատաշե Աննամարի Կուլմանը, այլ հյուրեր:
Ողջունելով հյուրերին և ծրագրի շահառուներին, ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղազարյանն ասաց.

- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը արդեն տասնյակ տարիներ է, ինչ աշխատում է հանրակացարաններում՝ աջակցելով փախստական միայնակ ծերերին և երեխաներին: Այս նոր վերանորոգված սենյակը, որն այսօր բացեցինք, ձեզ համար կծառայի որպես սոցիալական փաթեթների բաշխման տարածք, միջոցառումներ, ծննդյան տոներ նշելու վայր, երեխաների համար բազմաբնույթ դասընթացներ իրականացնելու հարմարավետ սենյակ: Այստեղ կան նաև հիգիենիկ ծառայություններ իրականացնելու ՝ լվացք, արդուկ անելու հարմարություններ: Այս նախաձեռնությամբ մենք փորձում ենք մի փոքր թեթևացնել ձեր հոգսերը, աջակցել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն, քանի որ մարդասիրությունն ու սրտացավությունը կփրկեն աշխարհը:
Թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանում Լիտվայի և Գերմանիայի Դաշնության դեսպանատներին, Ավստրիական Կարմիր խաչին՝ ֆինանսական աջակցության, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ տարածքը տրամադրելու համար: Այդ աջակցության շնորհիվ է, որ մենք կարողանում ենք իրականացնել՝ կառավարությանը մարդասիրական ոլորտում օժանդակելու մեր առաքելությունը:

ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը նշեց, որ նախարարությունը սերտորեն համագործակցում է Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ.

- Չկան փոքր ծրագրեր: Ծրագրերի մասշտաբը որոշվում է դրանց արդյունավետությամբ: Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և մենք միշտ պատրաստ ենք աջակցել նման մարդասիրական նախաձեռնություններին:

Հայաստանում Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը, որը, ի դեպ, նաև մի փոքր հայերեն էր կարողանում խոսել, նշեց.

- Հայաստանի և Լիտվայի բարեկամությունը շատ երկար տարիների պատմություն ունի: Մենք, որպես համատեղ անցյալ ունեցող երկրներ, շատ ընդհանուր բան ունենք: Թեև Լիտվան այլ եվրոպական երկրների չափով մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավորություն չունի, այնուամենայնիվ, մեր կարողությունների չափով պատրաստ ենք աջակցել խոցելի խմբերին: Լիտվայի դեսպանատունն արդեն երեք տարի է, ինչ զարգացման ծրագրեր է իրականացնում, այս տարի մենք 18 հայտ ենք ստացել, բայց որոշեցինք աջակցել հատկապես այս ծրագրին:

Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեպանատան ատաշե Աննամարի Կուլմանը նշեց, որ նույնպես ուրախ է տեսնելու այս բարեկեցիկ ու լուսավոր սենյակը.

- Շատ երկար ժամանակ չի անցել` 2 ամսից էլ քիչ, ինչ մենք ստորագրեցին համաձայնագիրը, բայց արդեն ամեն ինչ պատրաստ է: Երբ նախորդ անգամ այստեղ էի, քանդված ու փոշոտ վիճակ էր, և այա կարճ ժամանակահատվածում ամեն ինչ վերանորոգվել է: Դա ապացուցում է, որ ինչքան էլ մութ ու դժվար լինի, եթե մարդու մեջ լույս ու մարդասիրություն կա, շուրջն ամեն ինչ լուսավորվում է:

Միջոցառմանը ելույթ ունեցավ 7-ամյա Անուշիկը, որը ներկաներին հիացրեց իր տաղանդով՝ չնայած փոքր տարիքին, նա պրոֆեսիոնալ նվագում է դուդուկ, զուռնա ու դհոլ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում նախատեսված էր ծառայությունների մատուցման համար տրամադրված տարածքի վերանորոգումը, սակայն, ՀՀ ՏԿԱԻ նախարարության կողմից տրամադրված 40 քառ. մ մակերես ունեցող տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն առաջացավ: Այդ միջոցները հայթայթվեցին Գերմանական դաշնության և Լիտվայի դեսպանատների կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:

Աբովյանի այս հանրակացարանը ՀԿԽԸ “Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին” ծրագրում ընգրկվել է 2015 թվականին: Տասնյակ տարիներ առաջ մեկնարկած ծրագրի նպատակն է աջակցել հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների հասարակությանը մեջ ներգրավվածությանը և ինտեգրմանը, տնային պայմանների բարելավմանը:

Ծրագիրն ունի 2 բաղադրիչ` Աջակցություն միայնակ փախստական ծերերին և Աջակցություն հանրակացարանաբնակ երեխաներին:

Աջակցություն միայնակ փախստական ծերերին բաղադրիչի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տատիկ-պապիկներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տատիկ-պապիկներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:

Աջակցություն հանրակացարանաբնակ երեխաներին բաղադրիչի շրջանակներում ծրագրի կամավորները շաբաթվա ընթացքում բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում հանրակացարանաբնակ երեխաների համար ՀԿԽԸ կողմից հիմնադրված «Ժպիտների ակումբ» դասասրահում, օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարությունները, կազմակերպում այցելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ` նրանց հետաքրքրող թեմաներով: Ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար` հանրակացարանաբնակ առավել կարիքավոր երեխաների համար:

Ներկայումս ծրագիրը ֆինանսավորվում է Լիխտենշտեյնի «Մեդիկոր» հիմնադրամի կողմից` Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ:

Ծրագրի իրականացման վերջին 5 տարիների ընթացքում կարճաժամկետ ընդհատումներ են եղել, սակայն կամավորները չնայած ֆինանսական միջոցների բացակայությանը, շարունակել են այցելությունները, որը կամավորական գործունեությանը նվիրվածության, մարդասիրական արժեքների դրսևորման, երիտասարդ և ավագ սերունդների միջև տարիների ընթացքում հասատատված սերտ բարեկամական կապերի վառ ապացույցն է:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ