Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն ընդունեց Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակությանը, որի կազմում էին Միջազգային ծրագրերի բաժնի ղեկավար Էդուարդ Տրամպուշը, Եվրոպայի թիմի ղեկավար Կատարինա Բանիեվիչը և եվրոպական երկրների պատասխանատու Լենա Լանգը: Այցի նպատակն էր քննարկել ընթացիկ համագործակցությունը և հետագա պլանները:
- Ողջունում եմ ձեզ մեր գրասենյակում, ուրախ եմ, որ արդեն երկար տարիներ է բարձր մակարդակի արդյունավետ համագործակցություն էհաստատվել մեր ազգային ընկերությունների միջև: Պետք է նշեմ, որ համատեղ գործունեության արդյունքում էական արդյունքներ ենք գրանցել, և լուրջ հիմքեր ստեղծել այդ համագործակցության ընդլայնման համար, ինչի համար շնորհակալ եմ - ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Ա. Եղիազարյանը:
Պատվիրակության անդամները ևս շեշտեցին, որ շատ ուրախ են Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ ունեցած սերտ և արդյունավետ համագործակցության համար.
Քննարկվեցին երկու ԱԸ միջև գործընկերությունն առավել ընդլայնելու տեսլականը և պլանները:
Ավստրիական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ ՀԿԽԸ-ն գործունեություն է իրականացնում Ազգային ընկերության զարգացման, աղետների կառավարման, սոցիալ-առողջապահության, երիտասարդական և բնակչության տեղաշարժի ուղղություններով: Ավստրիական Կարմիր խաչը զգալի աջակցություն է ցուցաբերել Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի հիմնանորոգմանը, կենտրոնի պայմանների և մատուցվող ծառայությունների բարելավմանը. ինչպես նաև Covid-19 համավարակի, Ղարաբաղյան հակամարտության 2020թ. սրացման ու 2022թ. սեպտեմբերի 13-ի ռազմական գործողությունների հետևանքներին արձագանքին:
Այցի շրջանակներում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Ավստրիական Կարմիր խաչի պատվիրակության ներկայացուցիչների հետ միասին մի շարք հանդիպումներ ունեցավ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչների հետ, այցելություն ՀԿԽԸ Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն և Աբովյան քաղաքի հանրակացարանի Ժպիտների ակումբ: