Հոկտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ) էր այցելել Ռումինիայի արքայազն Ռադուի գլխավորած պատվիրակությունը։ Արքայազնին ընդունեցին ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը և գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
- Մեծ պատիվ է մեզ համար ողջունելու Ձեզ Հայկական Կարմիր խաչի ընկերությունում, հատկապես որ մարդասիրությական գործունեությանը մեծ դեր եք հատկացրել Ձեր ամբողջ կյանքի ընթացքում։ Մենք ծանոք ենք Ռումինական Կարմիր խաչի գործունեությանը, թեև դեռևս համագործակցելու առիթներ չեն եղել։ Ուղղություններ կան, որտեղ Ձեր Ազգային ընկերությունը հատկապես առաջընթաց է գրանցել, ինչպես օրինակ Արվեստի թերապիան կամ միգրացիայի ոլորտում աշխատանքը։ Շարժման պատմություները գրեթե նույնն է մեր երկրներում՝ աղետ, պատերազմ և համապատասխան արձագանքի կազմակերպում, - ասաց նախագահ Մխիթար Մնացականյանը՝ նշելով, որ 2020 թվականին նշելու ենք Հայկական Կարմիր խաչի ընկերության 100-ամյակը։
Այնուհետև ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց կազմակերպության ուղղությունները, վերջին 30 տարվա գործունեությունը ձեռքբերումներն ու մարտահրավերները, ուժեղ և թույլ կողմերը․
- Սպիտակի երկրաշարժից հետո սկսվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեության առավել ակտիվ փուլը, և այս տարիների ընթացքում մենք օգնության ծրագրերից անցանք արդեն զարգացման ծրագրերի, - նշեց նա։
- Մեծ հաճույք է գտնվել այստեղ, որովհետև կարծում եմ, որ երկկողմանի հանդիպումները կարևոր են մեր նմանություններն ու տարբերությունները հասկանալու համար։ Կարծում եմ, որ Ազգային ընկերությունների ներկայությունը երկրում շատ կարևոր է, - իր խոսքում նշեց արքայազնը, - Ռումինիայի Կարմիր խաչն ստեղծվել է 1875 թվականին՝ ակտիվ մարդասիրական արձագանք իրականացնելով Ռումինայի անկախության համար մղվող պատերզմի ժամանակ։ Այդ ժամանակվանից էլ Կարմիր խաչը մեր երկրում մեծ կշիռ ու դերակատարություն ունի՝ ավանդաբար թագավորը բանակի ղեկավարն է, իսկ թագուհին՝ Կարմիր խաչի նախագահը։ Այժմ իմ կինը Ռումինական Կարմիր խաչի նախագահն է, և մենք տարբեր երկրներ այցելելիս անպայման այցելում ենք տեղի Ազգային ընկերության գրասենյակ։
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակեցին հուշանվերներ։