Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, 10 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ և մանկավարժներ այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում հնարավորություն ունեցան ծանոթանալու Առաջին օգնության հիմունքներին։
-Առաջին օգնության հմտությունները շատ կարևոր են առօրյա կյանքում, կենցաղում, իսկ ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար, - ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ասաց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ - Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, երկար տարիների արդյունավետ համագործակցություն ունի Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության հետ՝ խթանելով ոչ ֆորմալ կրթության կարևորությունը դպրոցներում` երեխաների կայուն զարգացման, հանդուրժողականության, աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի, մարդասիրական արժեքների տարածման և այլ ոլորտներում։ Այս դասընթացն էլ Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի հետ մեր վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության արդյունք է։ Կարծում եմ, որ համատեղ ծրագրերը կնպաստեն մեր համագործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանը՝ ի նպաստ հանրության խոցելիության նվազեցման։
- Մանկավարժներն աշխատում են երեխաների հետ, և այդ պատճառով հատկապես կարևոր է, որ տիրապետեն Առաջին օգնության հմտություններին, - ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանը, - շնորհակալ ենք Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ այս հնարավորության համար։