Մայիսի 18-ին, Ժնևում համագործակցության համաձայնագիր կնքեցին Հայկական Կարմիր խաչի ընկերության Առաջին օգնության (ԱՕ) բաժինը և Շվեյցարիայի սամարացիների ֆեդերացիայի Տրուա-Շեն մասնաճյուղը:
Սամարացիների ֆեդերացիան Շվեյցարական Կարմիր խաչի անդամ է, որն իրականացնում է ԱՕ դասավանդում և ԱՕ ցուցաբերում տարբեր միջոցառումների ժամանակ: Այն իր հերթին միայն Ժնևի կանտոնում (նահանգում) ունի 12 մասնաճյուղ, որոնցից մեկն էլ Տրուա-Շեն մասնաճյուղն է:
Հայկական Կարմիր խաչի ընկերության ԱՕ բաժինը երկար տարիներ է, ինչ համագործակցում Սամարացիների ֆեդերացիայի հետ: Երկու կազմակերպությունների միջև համագործակցությունն սկսվել է 2000 թվականից, երբ առաջին անգամ Հայաստան էր այցելել Ռայմոնդե Օզինը` մասնակցելու ՀԿԽԸ Առաջին օգնության մրցումներին: Սամարացիների ֆեդերացիան աջակցել է ԱՕ մրցումների և դասընթացների իրականացմանը:
Այս տարվա մայիսի 18-ին լրանում էր Սամարացիների ֆեդերացիայի Տրուա-Շեն մասնաճյուղի հիմնման 40-ամյակը, որի կապակցությամբ էլ կնքվեց նշված համագործակցության համաձայնագիրը: Այն ստորագրելու համար Ժնև էին հրավիրվել ՀԿԽԸ ԱՕ բաժնի վարիչ Արմինե Պողոսյանը և կամավոր Ռոքսանա Կարապետյանը:
Այս փուլում իրականացվում է կարիքների գնահատում, քննարկվում են ԱՕ ոլորտում օժանդակության տրամադրման, փորձի փոխանակման հնարավորությունները:
Հոկտեմբերի վերջին Հայաստան կայցելի շվեյցարացիների 5 հոգուց կազմված պատվիրակությունը` այդ թվում Սամարացիների ֆեդերացիայի Տրուա-Շեն մասնաճյուղի նախագահն ու փոխնախագահը: