Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգոստոս – սեպտեմբեր ամիսներին Տավուշի մարզի տասը համայնքներում՝ Ազատամուտ, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Կոթի, Սարիգյուղ, Ոսկևան, Բերդավան և Այգեպար, Առաջին օգնության դասընթացներ անցկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության հենակետերում՝ քաղպաշտպանության փրկարարական ջոկատների անդամների համար: Ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցեց 205 մարդ:
Առաջին օգնության դասընթացների անցկացման նպատակը համապատասխան հմտությունների և գիտելիքների փոխանցումն է, ինչը թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Սահմանամերձ գյուղերում մարդկանց պատրաստվածությունն այս ոլորտում բարձրացնելն ավելի է անհրաժեշտ, քանի որ շատ են դժվարհասանելի վայրերն ու, դրանով պայմանավորված, շտապօգնությունների ուշացումները, - նշում է ՀԿԽԸ Առաջին օգնության բաժնի վարիչ Զառա Խուդոյանը: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, Առաջին օգնության դասընթացներ սահմանամերձ համայնքներում բնակչության տարբեր խմբերի համար կազմակերպում է արդեն մի քանի տարի: Դասընթացները վարում են ՀԿԽԸ հրահանգիչները՝ Առաջին օգնության եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան:
Հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև ստորագրվեց «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագիրը: Ծրագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը:
Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Նախատեսվում է նաև վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների և դպրոցների մանկավարժական կազմի հետ, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ: Բնակչության պաշտպանության և պատրաստվածության դասընթացների կարևորագույն բաղադրիչներից է նաև միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը: