Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և խոցելի տեղաբնակ շուրջ 15,000 քաղաքացու տրամադրվել է միանվագ աջակցություն՝ կոմունալ վարձավճարների փոխհատուցման նպատակով։ Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի տրամադրվել է 15 հազար ՀՀ դրամ։
Շահառուների թիրախային խմբում Լեռնային Ղարաբաղում անշարժ գույք կորցրած անձինք են, այդ թվում՝
• ՀՀ-ում գտնվող 0-18 տարեկան երեխաները,
• 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
• 50 տարեկանից բարձր անձինք։
Կոմունալ կացարաններում բնակվող անձանց կոմունալ վարձավճարների փոխհատուցումն անմիջապես տրամադրվել է ծառայություն մատուցողներին։
Ծրագիրն իրականացվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։ Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 8184 հեռախոսահամարով։