Հալեպում ծնված Րաֆֆի Խորոզյանի ուսանողական կյանքն անցել է Հայաստանում: 2014 թվականին ճանապարհները թմբուկահարին նորից բերեցին Երևան:
- Հալեպում արդեն ապրել չէր լինում: Կինս ու երխաներս Երևանում չէին եղել: Հունիս ամսին ենք եկել, մինչև դպրոց գնալը դեռ երկու ամիս կար: Այդ ընթացքում հասկացանք, որ այստեղ կարող ենք ապրել՝ ավելի հանգիստ է կյանքը, - պատմում է Րաֆֆին:
Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրական մեքենաներ բաժինն ավարտած Րաֆֆի Խորոզյանը սկսել է նվագել վեցերորդ դասարանից:
- Հարվածային գործիքներ նվագելու սեր ունեի: Թեքեյանի մշակութային միություն եմ հաճախել: Դա իմ հոբբին էր: Այդտեղ հայ երիտասարդները արվեստի ու մշակույթի հետ էին ծանոթանում:
Երբեմնի նախասիրությունն այսօր գումար վաստակելու միջոց է դարձել:
- Էստեղ երաժիշտները պրոֆեսիոնալ են, դու էլ պետք է նրանց մակարդակին լինես, որ կարողանաս աշխատել, - ասում է նա, - Հայաստանը շատ է փոխվել, հիմա ավելի զարգացած է, ավելի լավը: Միակ թերությունը բիզնեսն է, միջին խավը պետք է ավելի զարգանա, բայց դա էլ հաղթահարելի է, պետք է աշխատես ու չդժգոհես:
Սիրիահայերին աջակցող կազմակերպություններից մեկն էլ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն է:
- Եկանք էստեղ, Կարմիր խաչը մեզ բավականին օգտակար դարձավ՝ ինձ գործիք տրամադրեցին: Երբ ամեն ինչ թողնում գալիս ես՝ ունեցածիդ հինգ տոկոսն էլ չես կարող բերել, իսկ առանց գործիքի չես կարող: Երբ քեզ օգնում են, դու էլ պետք է քո աշխատանքով արժևորես դա:
Թմբուկահարի համար ջազն այն միջոցն է, որով դուրս է հանում լարվածությունը:
- Ջազը խորն է, շատ եմ սիրում, ես ինձ էդ ոլորտի մեջ հանգիստ եմ զգում , երաժշտությունը հոգևոր հանգստություն է, օրվա մեջ ապրածդ մի երկու ժամվա մեջ դուրս է գալիս:
Երեք տարի էր, ինչ Հալեպում չէր եղել: Վերջերս երեք ամսով գնացել էր: Ասում է` Հալեպում հիմա համեմատաբար հանգիստ է: Երաժշտի միտքն ու սիրտը երկու մասի են բաժանված՝ ծնողները Հալեպում են, կինն ու երեխաները `Երևանում: Բայց հաստատ որոշել է` Հայաստանում է մնալու:
Մերի Հովհաննիսյան
ՀԿԽԸ կամավոր