48-ամյա Լիդա Դաշյանը բնակվում է Գեղարքունիքի մարզի Փամբակ գյուղում: 1988 թվականին Հայաստան է եկել Ադրբեջանից: Այդ տարիներին՝ ավերիչ երկրաշարժ, ապա պատերազմ, ինչպես շատերի համար, փասխտականի կարգավիճակ ստացած տիկին Լիդայի համար էլ կյանքը հեշտ չի եղել: Հաճախ է ստիպված եղել դիմելու բարեկամների օգնությանը:
Հիմա երեք երեխա ունի: Երկու տղաները, բանակում ծառայելուց հետո, մեկնել են արտագնա աշխատանքի: Ամուսինն էլ է հաճախ մեկնում: Երրորդ որդին դեռ անչափահաս է, բայց օգնում է ծնորղներին ընտանեկան փոքրիկ բիզնեսն առաջ տանել:
Եկամտաբեր գործունեությունը մեկ տարի առաջ են սկսել: Որպես փախստական ներգրավված լինելով Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ «Հայաստանում փախստականների ընդունելության բարելավում և մտահոգության առարկա հանդիսացող անձանց ինտեգրման խթանում» ՄԱԿ ՓԳՀ կողմից ֆինանսավորվող ծրագրում, տիկին Լիդան կազմակերպության կողմից կով է ստացել:
- Կովը մեզ համար դարձել է ընտանեկան բիզնեսի միջոց. ամուսինս դաշտ է տանում, ես՝ կաթը կթում: Պանիր, կաթնաշոռ, մածուն, կարագ ենք պատրաստում, վաճառում կամ փոխանակում այլ մթերքներով, հագուստով, որոնց կարիքն ունեն մեր երեխաները: Հայկական Կարմիր խաչի շնորհիվ մենք մեկ քայլ առաջ ենք գնացել, շնորհակալ եմ,-ասում է տիկին Լիդան և հավելում, - Այսպես մենք եկամուտ ենք ստանում, ապրուստի միջոց է մեզ համար: Հիմա էլ սպասում եմ, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից հավեր ստանամ,-եզրափակեց Լիդա Դաշյանը:
Արդեն շուրջ 14 տարի է, ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանում է ՄԱԿ ՓԳՀ լավագույն գործընկերներից մեկը` փախստականների և տեղահանված անձանց օժանդակության ոլորտում: Ամեն տարի նոր մարտավարությունների վրա հիմնված ծրագրերի իրականացումը թույլ է տալիս ավելի նպատակային և օպերատիվ արձագանքել մտահոգության առարկա հանդիսացող մարդկանց կարիքներին: «Հայաստանում փախստականների ընդունելության բարելավում և մտահոգության առարկա հանդիսացող անձանց ինտեգրման խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստանում ապաստան հայցողների և փախստականների համար ՀԿԽԸ-ն իրականացնում է փախստականների ընդունելության բարելավում, սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների կանխարգելմանն ու արձագանքմանն ուղղված գործողություններ, հոգեբանական աջակցություն, եկամտաբերության խթանման գործունեություն:
Հովհաննես Մուրադյան
ՀԿԽԸ կամավոր