Հարկադիր տեղահանման գլոբալ միտումները, միգրացիայի եւ ապաստանի վերաբերյալ համապատասխան սահմանումները, չվերադարձելիության սկզբունքը որպես փախստականների պաշտպանության հիմնական գրավական՝ այս և միգրացիային վերաբերող բազմաթիվ այլ հարցեր էին ներառված հոկտեմբերի 5-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում լրագրողների համար կազմակերպված «Մեդիայի դերը փախստականների պաշտպանության գործում» խորագրով դասընթացին։ Այն կազմակերպել էր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ), Միգրացիայի պետական ծառայության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։
Նպատակն էր ոլորտում աշխատող լրագրողներին և թեմային սերտորեն առնչվող պետական գերտեսչությունների լրատվական ծառայությունների ներկայացուցիչներին ներկայացնել ապաստան հայցողների և փախստականներին վերաբերող ՀՀ օրենքներն ու ընթացակարգերը, ինչպես նաև փախստականների խնդիրների լուսաբանման առանձնահատկությունները և էթիկական խնդիրները, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՄԱԿ ՓԳՀ մանդատն ու գործունեությունը նշված ոլորտում։
- Բնակչության տեղաշարժի ուղղությունը մեր ռազմավարական ուղղություներից է, և այս ոլորտում մենք երկար տարիների արդյունավետ համագործակցություն ունենք ՄԱԿ ՓԳՀ-ի հետ։ Մեծապես կարևորում ենք լրատվամիջոցների դերը՝ մեր գործունեությունը լուսաբանելու և, այդպիսով, փախստականների խնդիրները բարձրաձայնելու գործում։ Շնորհակալ ենք, որ այսօր ժամանակ եք գտել այստեղ գտնվելու համար, - ողջույնի խոսքում նշեց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։