Սիրիայում ծայր առած պատերազմի արդյունքում շատ սիրիահայեր եկան Հայաստան՝ թողնելով տարիների ընթացքում իրենց ստեղծածը: Լյուսի Բուղարյանը՝ մինչ այստեղ վերջնական հաստատվելը, մի քանի անգամ արդեն եկել էր՝ պարզապես շրջելու։ Վերջնականապես Հայաստանում ընտանիքով հաստատվել են 2013 թվականին: Ամեն ինչ արդեն շատ հոգեհարազատ է դարձել, ու շատերին է խորհուրդ տալիս վերադառնալ հայրենիք:
Լյուսին Սիրիայում էլ մոտ է եղել հայկական արմատներին ու մշակույթին՝ շփվել է հայերի հետ, սովորել է հայկական դպրոցում, հաճախել հայկական ակումբներ, նվագել է շեփորախմբում: Հիմնական դժվարությունները լեզվի հետ են կապված եղել: Մասնագիտությամբ վարսահարդար է, նաև դիմահարդարում է անում: Այստեղ, ինչպես և Սիրիայում աշխատում է իր մասնագիտությամբ, իսկ այդ հնարավորությունը Հայկական Կարմիր խաչի ընկերությունն է տվել։
- Երբ եկանք Հայաստան, գնացինք գրանցվեցինք Կարմիր խաչում:Հայրս չէր աշխատում,սրտի խնդիր ուներ այդ ժամանակ, հետո մահացավ։Եղբայրս էլ ուներ առողջական խնդիրներ, և ես պետք է աշխատեի։ Օգնեցին շատ, և ինձ գործիքներ տրամադրեցին, որ աշխատեմ, որովհետև միակ աշխատող ձեռքը ես էի: Շատ գոհ եմ իմ վարսավիրական գործիքների որակից։ Ես նոր կյանք սկսեցի։