Այս տարի ևս Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նշեց դեկտեմբերի 5-ը՝ Կամավորների միջազգային օրը: Շուրջ բոլորը կարմիր խաչեր էին ու խաչականներ՝ աշխատակիցները, գործընկերներ, և իհարկե՝ կամավորներ։ Բոլորը շնորհավորում էին միմյանց՝ ամբողջ տարվա ընթացքում մարդասիրական գործունեությանը նվիրված ծառայելու համար: «Մենք օգնում ենք Ձեր (կամավորների) օգնությամբ» կարգախոսն այսօր ավելի քան արդիական էր։
Երեկոյին ներկա էին մոտ երեսուն կամավորներ`Երևանից ու տարբեր մարզերից, որոնք առավել ակտիվ էին եղել տարվա ընթացքում։ Նրանք Հայկական Կարմիր խաչի կամավորների բազմահազարանոց բանակի միայն մի փոքր մասին էին ներկայացնում, քանի որ սրահում նրանց բոլորին տեղավորել հնարավոր չէր լինի:
Երեկոն պաշտոնապես սկսվեց ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանի և Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի ուղերձով։
«Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերություններն արդեն բազում տարիներ իրականցնում են իրենց մարդասիրական առաքելությունը արձագանքելով աշխարհում միլիոնավոր մարդկանց կարիքներին։ Կամավորներն են Կարմիր խաչի միջազգային շարժման անցյալը, ներկան և ապագան», - ասված էր ուղերձում։
Տարվա ընթացքում նվիրված ու ոգևորված աշխատանքի համար շնորհակալագրեր ու նվերներ ստացան Սարգիս Ավետիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Վերգինե Բուղդարյանը, Հրանուշ Աբրահամյանը, Անի Միրաքյանը, Վազգեն Բեջանյանը, Աստղիկ Աթանյանը, իսկ թիմային աշխատանքի համար Շնորհակալագրերի արժանացան Արարատի, Տավուշի և Արմավիրի կամավորները՝ Դիաբետի, Երեխաների կայուն զարգացման և Բարեգործական ճաշարանի ծրագրերը հաջողությամբ իրագործելու համար:
Պաշտոնական արարողությունից հետո երեկոն երիտասարդների տիապետության տակ անցավ։ Ուրախ ու ջերմ մթնոլորտում, երիտասարդները, իրենց բնորոշ խանդավառությամբ կազմակերպեցին տարբեր խաղեր, ապահովեցին ուրախ ժամանց։