Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը մարտի 19-ին կտոնի հիմնադրման 97 ամյակը: Ընկերության 11 մարզային, 1 տարածաշրջանային եւ 52 ճյուղային կազմակերպությունների միջոցով էլ, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, իրականացվում է ՀԿԽԸ առաքելությունը` համախմբելով մարդասիրության ուժը` մեկ նպատակի շուրջ` թեթեւացնել մարդկային տառապանքները, սատար կանգնել այն իրավիճակներին, որոնք կարող են խոցելիության պատճառ դառնալ: Հայկական Կարմիր Խաչի ընկերության ընթացիկ եւ ապագա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ:
-Արդեն գրեթե մեկ դար, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է: Ի՞նչ ծրագրեր կան օրվա հետ կապված: Աջակցության ի՞նչ նոր ուղղություններ կլինեն մոտ ապագայում:
-Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 97 տարի է, ինչ իրականացնում է իր մարդասիրական առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ընկերության գործունեության առավել ակտիվ շրջանը սկսվեց 1988 թվականից, երբ երկրաշարժից անմիջապես հետո ընկերությունն արձագանքեց աղետի հետեւանքով տուժածներին: Առաջին ինքնաթիռները, որոնք աջակցություն ցուցաբերեցին մեր ազգաբնակչությանը, դա Միջազգային կարմիր խաչի ընտանիքի ինքնաթիռներն էին: Այնուհետև, տարեց տարի Ազգային ընկերության գործունեությունը սոցիալական աջակցությունից վերաճեց զարգացման ծրագրերի: Մարտահրավերներին արձագանքելու համար ժամանակին համընթաց է հարկավոր քայլել եւ այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք հետեւյալ ռազմավարական ուղղություններով` աղետների կառավարում, առաջին օգնություն, բնակչության տեղաշարժ, որոնում ծառայություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, սոցիալ-առողջապահություն, մարդասիրական արժեքների տարածում:
Մեր գործունեության հիմքում ընկած է կամավորությունը եւ մենք առաջնորդվում ենք շարժման յոթ սկզբունքներով: Հայկական կարմիր խաչի ընկերությունը որպես կամավորական կազմակերպություն օգտագործում է կամավորության ողջ ներուժը, իսկ մեր կամավորները հանդիսանում են Հանրապետության ամենակարող հատվածը: Մեր կամավորները մեր կարող ուժն են:
-Ի˚նչ խնդիրներ կան ծառացած Հայկական Կարմիր խաչի ընկերության առջեւ:
- Ամբողջ աշխարհում մարտահրավերներն այնքան շատ են եւ աշխարհում այնքան առավել կարեւոր խնդիրներ են ի հայտ գալիս, որ գնալով մեզ ուղղվող միջազգային ռեսուրսները նվազում են: Հետևաբար,տեղական ռեսուրսների մոբիլիզացումը այսօր երկրի ներսում շատ կարեւոր է: Մենք այն կառույցն ենք, որը կոչված է արձագանքել ազգաբնակչության խոցելիության նվազեցմանը: Մեր միջոցներն անսահմանափակ չեն, և բնականաբար մենք հստակ չափորոշիչներ ենք սահմանում, որպեսզի աջակից լինենք առավել խոցելի խմբերին:
-Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել ապրիլյան պատերազմի հետեւանքով տուժած համայնքներին, տարհանված բնակիչներին: Հանդիսանալով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, ի՞նչ է արվում հակամարտող կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման ուղղությամբ:
Որպես առաջին արձագանք, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ ՓԳՀ-ի հետ գործընկերությամբ իրավիճակի և կարիքների գնահատում է անցկացրել, օգտագործելով մեր կառուցվածքը, որի հիման վրա ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից տրամադրվել է գումարային աջակցություն տեղահանված ընտանիքներին:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից հոգեբանական աջակցություն է տրամադրվել հիվանդանոցներում գտնվող զինվորների ընտանիքներին:
Կարևորելով Կարմիր խաչի միջազգային շարժման դերը, կարողությունն ու նշանակությունը, Շարժման հետ համատեղ, մենք նախաձեռնել ենք կոնֆլիկտային իրավիճակներում Շարժման արձագանքման պլանավորման գործընթացը՝ պատրաստ լինելու կոնֆլիկտային իրավիճակներում համատեղ համապատասխան արձագանք ցուցաբերելուն:
Մենք մեր գործունեությամբ նպաստում ենք համայնքների դիմակայունության բարձրացմանը, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի արձագանքելու այս կամ այն մարտահրավերին:
-Դուք նաեւ մեծ աջակցություն եք ցուցաբերում սիրիական հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած սիրիահայերին: Ի՞նչ նոր նախաձեռնություններ կան սիրիահայերի հետ կապված այս տարի:
-Մեզ համար շատ մեծ մարտահրավեր էր 2012 թվականի ապրիլին սիրիահայերի ներհոսքը Հայաստան: Առաջին իսկ օրվանից մենք արձագանքեցինք սիրիահայերի խնդիրներին, ընդգրկելով նրանց մեր արդեն եղած ծրագրերում, որոնք իրականացնում ենք ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համատեղ: Այսօրվա դրությամբ սիրիահայերին տարբեր ծրագրերի միջոցով աջակցել ենք 2.5-3 միլիոն դոլարի սահմաններում տարբեր բաղադրիչներով՝ մուտքի պայմանների բարելավում, սահմանային մոնիտորինգ,սոցիալ-հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, ուղղորդում, տնտեսական ինտեգրում և այլն:
Այսօր նպատակ ունենք Ավստրիական կարմիր խաչի հետ սկսելու մի նոր նախաձեռնություն՝ նոր մոտեցումով, ուղղված շահառուների տնտեսական ինտեգրմանը, որն իր հերթին կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը: Մեզ համար նպատակային է ապահովել մեր հայրենակիցների արժանապատիվ կենսակերպը:
-Այսօր մարդկության առջև ծառացած են մի շարք սոցիալ-առողջապահական խնդիրներ: Ի˚նչ նոր ծրագրեր կան այս ուղղությամբ:
-Սոցիալ-առողջապահական ոլորտում շատ մեծ նախագիծ ենք այս պահի դրությամբ իրականացնում Շվեցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի աջակցությամբ: Բացել ենք երկու կենտրոն` Վանաձորում եւ Գյումրիում, որոնք ծառայելու են տարեցների տնային խնամքին:
Սա Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որովհետեւ խոսքը գնում է սոցիալ-առողջապահական պրոֆեսիոնալ խնամքի մասին: Սա պիլոտային նախաձեռնություն է և հաջողության դեպքում մենք նախատեսում ենք ընդլայնել գործունեության շրջանակները, տարածելով այն այլ համայնքներում և մարզերում նույնպես:
Ազգային ընկերությունը առողջապահական ոլորտում աշխատում է մի շարք այլ ուղղություններում, ինչպիսիք են՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում, վնասի նվազեցում, առողջ ապրելակերպ:
Պարբերաբար իրականացվում են նաև կանխարգելմանը նպաստող իրազեկման միջոցառումներ, քանի որ պաշտպանված լինելու համար կարևոր է իրազեկ ու նախապատրաստված լինելը:
-Ի˚նչ վիճակագրություն ունեք Հայաստանում Ականներից և պատերազմի հետևանքով պայթուցիկ նյութերի մնացորդներից (ՊՀՊՆՄ) զոհերի, տուժածների և նրանց կարիքների վերաբերյալ:
2012-2015 թվականներին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային ընկերության աջակցությամբ իրականացրել է «Ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տվյալների հավաքագրում Հայաստանում» ծրագիրը: Ծրագրի նպատակն է IMSMA համակարգչային ծրագրի միջոցով իրականացնել ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում:
Ծրագրի արդյունքում IMSMA տեղեկատվական բազայում հավաքագրվել է 585 տուժած `ՀՀ բոլոր մարզերից: Ամբողջ տեղեկատվությունը` համաձայն երկկողմանի համաձայնագրի փոխանցվել է ԿԽՄԿ, որն իր հերթին հանձնել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին»: Հետագա հավաքագրումը եւ դրա հետ կապված գործունեությունը իրականացվում է վերը նշված կենտրոնի կողմից, իսկ ԿԽՄԿ իր ծրագրերի միջոցով աջակցում է այդ ցանկում գտնվողներից առավել խոցելիներին: