Կարմիր խաչի ուժը կամավորներն են: Կամավորների շնորհիվ է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացրել և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը:
Ակտիվ կամավորների շարքում այսօր առաջիններից է Րաֆֆի Կիրակոսյանը: Նվիրաբերված սննդի պահեստավորման առաջին իսկ օրվանից ներգրավված է աշխատանքներում, Երևանի արագ արձագանքման թիմի լիդերն է: Ծնվել է Լեհաստանի Լյուբլին քաղաքում, 2004 թվականին ընտանիքով տեղափոխվել են Հայաստան: Մասնագիտությամբ ծրագրային ապահովման ճարտարագետ է․
Ինչպես մեր մյուս կամավորները, Րաֆֆին նույնպես ունի հետաքրքրությունների լայն շրջանակ․
-Սիրում եմ գնալ արշավների, լսել երաժշտություն, ժամանակին սկաուտական խմբում նվագել եմ Բարիտոն փողային գործիք, կիթառ էլ եմ նվագել: Շատ եմ սիրում ստեղծագործել, վերջերս վերամշակած թղթերից ջահ եմ պատրաստել եղբորս հետ, մի խոսքով փորձում եմ ինձ տարբեր բնագավառներում:
Րաֆֆին ասում է, որ սկզբում Կարմիր խաչին միացել է մեկ շաբաթով, բայց մեկ շաբաթը ձգվել ու դարձել է արդեն երկու տարի: «Հույսի տնակ» բարեգործական արշավի ժամանակ, սկաուտական խումբը, որի անդամ էր նաև ինքը, ևս միացել էր նախաձեռնությանը՝ բաժանելով տեղեկատվական թերթիկներ:
2018թ մարտից ընդգրկվել է «Ժպիտների ակումբ» և «PSS» ծրագրերում, այնուհետև անցել աղետների կառավարման բաժնին:
-Այդ ժամանակ Ստեփանավանում հավաք-թրեյնինգ էր, ես գնացի մասնակցեցի, շատ նվիրվեցի այդ թմին: էրեխեքին շատ սիրեցի, երբ որ մի քանի հոգի հավաքվում են մի գաղափարի շուրջ ու նվիրված մնում են, շատ ես կապվում: Արագ արձագանքման թիմում ինձ շատ հետաքրքիր է։ Սկզբում փրկարար էի, հետո փուլ-փուլ առաջ գնալով՝ տարբեր գիտելիքներ ձեռք բերելով, հիմա դարձել եմ թիմի լիդեր: Մեր կամավորներն ունեն կարևոր գիտելիքներ, գիտենք փրկարարություն, առաջին օգնություն, առաջին հոգեբանական օգնություն, ինչպես մոբիլիզացնել մարդկանց, ինչպես պատրաստել արագ սնունդ, այսինքն մեզ համար սթրեսային չէ արտակարգ իրավիճակը, եթե ինչ-որ դեպք պատահի, մենք գիտենք մեր անելիքը: Բազմաթիվ վարժանքների ենք մասնակցում, որ արդեն հստակ իմանանք, թե որ դեպքում ինչ պետք է անել: Մենք պատրաստ ենք արձագանքելու մարտահրավերներին:
Այն հարցին, թե ինչ է տվել իրեն կամավորությունը, Րաֆֆին պատասխանում է․
-Լավ ընկերներ, հետաքրքիր ժամանց, գիտելիքներ և հմտություններ, նպատակասլացություն, թիմ, որն ընտանիք է դարձել։ Ես հպարտ եմ որ Կարմիր խաչի կամավոր եմ: Այստեղ իրականանում են ցանկություններն ու նպատակները։