«Մարդասիրություն. դա այն է, ինչ պակասում է ներկայումս, այսինքն XXI դարում ապրող մարդկանց` սեր, հարգանք, նվիրվածություն, կարեկցանք` հարևանի, բարեկամի և ազգականի հանդեպ…» Սա մեջբերում է Իջևանի թիվ 5 դպրոցի սան Ագապի Ղալթախչյանի շարադրությունից, որը փետրվարի 12-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ վկայական ստացավ` Մարդասիրություն սկզբունքը լավագույնս ներկայացնելու համար:
Ագապին ասաց, որ թեման իրեն մտածելու առիթ է տվել, և փորձել է լավագույնս ներկայացնել թեման, ինչն էլ ստացվել է:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, 2015 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին սահմանամերձ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում կազմակերպել էր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման վերաբերյալ շարադրությունների մրցույթ: Մրցույթին մասնակցել են Իջևան, Դիլիջան, Բերդ, Նոյեմբերյան, Այրում քաղաքների և Կողբի երկու հանրակրթական դպրոցների աշակերտները: Շարադրությունների մրցույթի նպատակն էր բարձրացնել Կարմիր խաչի վերաբերյալ դպրոցականների իրազեկվածությունը և տարածել կազմակերպության մարդասիրական գաղափարներն ու հիմնարար սկզբունքները դպրոցականների շրջանում:
Կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել երեք շարադրություն հետևյալ անվանակարգերում` թեման լավագույնս բացահայտելու համար, լավագույն շարադրանքի համար և մարդասիրության սկզբունքը լավագույնս ներկայացնելու համար:
Շնորհավորելով հաղթողներին` Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը հաջողված համարեց ծրագիրը և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին:
Թեման լավագույնս բացահայտելու համար անվանակարգում հաղթող է ճանաչվել Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիանա Աբովյանը: Լավագույն շարադրանք անվանակարգում հաղթել է Իջևանի թիվ 4 դպրոցի աշակերտ Հրաչ Գուլակյանը: Մարդասիրության սկզբունքը լավագույնս ներկայացնելու համար անվանակարգում հաղթող է ճանաչվել Իջևանի թիվ 5 դպրոցի սան Ագապի Ղալթախչյանը:
Մրցույթում հաղթած աշակերտները պարգևատրվեցին վկայականներով և բջջային հեռախոսներով: