Օգոստոսի 6-ին համաձայնագիր ստորագրվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՀՀ-ում Գերմանիայի դաշնության դեսպանության միջև` փոքր դրամաշնորհային ծրագրերի իրականացման շրջանակներում:
Դրամաշնորհի միջոցով կվերանորոգվի Աբովյան քաղաքի Հատիսի 4-րդ նրբանցքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի շքամուտքի մոտ գտնվող 40 քառ. մ տարածքը, որը նույն հանրակացարանում բնակվող շահառու տարեցների և երեխաների համար կծառայի որպես հավաքատեղի` սոցիալական և մշակութային միջոցառումների անցկացման, բազմաբնույթ դասընթացների իրականացման, որոշակի հիգիենիկ ծառայությունների (լվացք, արդուկ) մատուցման համար:
Ի սկզբանե, «Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում նախատեսված էր ծառայությունների մատուցման համար տրամադրված տարածքի վերանորոգում, սակայն, ՀՀ ՏԿԱԻ նախարարության կողմից տրամադրված 40 քառ. մ մակերես ունեցող տարածքի վերանորոգման աշխատանքների իրականացման համար լրացուցիչ միջոցների հայթայթման անհրաժեշտություն էր ստեղծվել: Դրանք հայթայթվեցին Գերմանական դաշնության և Լիտվայի դեսպանատների կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում:
Աբովյանի այս հանրակացարանը 2015 թվականին ընգրկվել է ՀԿԽԸ “Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին” ծրագրում, որի նպատակն է աջակցել հանրակացարանաբնակ միայնակ փախստական ծերերի և երեխաների սոցիալական ներգրավվածությանը, հասարակության ինտեգրմանը և տնային պայմանների բարելավմանը:
Ծրագիրն ունի 2 բաղադրիչ.
Աջակցություն միայնակ փախստական ծերերին բաղադրիչի շրջանակներում կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են շահառու տատիկ-պապիկներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տատիկ-պապիկներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում:
Աջակցություն հանրակացարանաբնակ երեխաներին բաղադրիչի շրջանակներում ծրագրի կամավորները շաբաթվա ընթացքում բազմաբնույթ դասընթացներ են կազմակերպում հանրակացարանաբնակ երեխաների համար ՀԿԽԸ կողմից հիմնադրված «Ժպիտների ակումբ» դասասրահում, օգնում են երեխաներին իրականացնել տնային հանձնարարությունները, կազմակերպում ացելություններ մշակութային վայրեր, իրականացնում կինոդիտումներ և քննարկումներ` նրանց հետաքրքրող թեմաներով: Ամռան ամիսներին կազմակերպվում է ճամբար` հանրակացարաբնակ առավել կարիքավոր երեխաների համար:
Ներկայումս ծրագիրը ֆինանսավորվում է Լիխտենշտեյնի «Մեդիկոր» հիմնադրամի կողմից` Ավստրիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ:
Ծրագրի իրականացման վերջին 5 տարիների ընթացքում կարճաժամկետ ընդհատումներ են եղել, սակայն կամավորները չնայած ֆինանսական միջոցների բացակայությանը, շարունակել են այցելությունները, որը կամավորական գործունեությանն նվիրվածության, մարդասիրական արժեքների դրսևորման, երիտասարդ և ավագ սերունդների միջև տարիների ընթացքում հասատատված սերտ բարեկամական կապերի վառ ապացույցն է: