Ապրիլի 16-17-ը, «Հրազդան» հյուրանոցում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր Երիտասարդների կայուն զարգացումը ծրագրի մեկնարկային հանդիպումը:
Ծրագիրն աշնանից իրականացնելու են Հայկական Կարմիր խաչի և Ուկրաինայի Կարմիր խաչի ընկերություները, այդ պատճառով էլ ծրագրի մեթոդոլոգիայի և հետագա քայլերի մշակման վերաբերյալ քննարկմանը մասնակցում էին նաև ՈւԿԽԸ ներկայացուցիչներ` Ծրագրի համակարգող Օլգա Պոբերեժնայան, Երիտասարդական հիմնախնդիրների համակարգող Վիկտորիա Նազինան, Խարկովի Երիտասարդների հիմնահարցերի համակարգող Մարինա Կոժեդիբը: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ներկայացնում էին Երիտասարդական Կարմիր խաչի ներկայացուցիչներ Նազելի Կիրակոսյանը, Հեղինե Պողոսյանն ու Անի Միրաքյանը:
Հանդիպումը համակարգում էին Դանիական Կարմիր խաչի ներկայացուցիչներ Աննա Կոբաեկը, Հանս Ստորգարդը և Մադս Օստերգաարդը:
ՀԿԽԸ Երիտասարդական բաժնի վարիչ Կատարինա Վարդանյանը ողջունեց մասնակիցներին` մաղթելով արդյունավետ աշխատանքային օրեր.
- Այս ծրագիրը շատ ակտուալ է այսօր մեզ համար, և մեր, և Ուկրաինայի, քանի որ մեր երկրներում կա դրա կարիքը` փախստականների և ներքին տեղահանվածների մեծ թվի պատճառով:
Հանդիպման ընթացքում Դանիական Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ միասին մասնակիցները քննարկեցին ծրագրի հայեցակարգը, իրականացման մեթոդոլոգիան, թիրախային խմբերի ընտրությունը և գործողությունները:
Նազելի Կիրակոսյանը ներկայացրեց Սիրահայ երեխաների հետ աշխատանքի փորձն ու 17-30 տարեկան 25 երիտասարդների կարիքների գնահատման արդյունքները: Նրա խոսքով, Սիրիայից Հայաստան տեղափոխված երեխաներն ու երիտասարդները հոգեբանական և ինտեգրման խնդիրներ ունեն: Նրանք, ովքեր ավելի շուտ են եկել, արդեն հասցրել են ինտեգրվել, իսկ ավելի ուշ եկածները դեռ հարմարվելու խնդիրներ ունեն:
Ինտեգրմանն առնչվող լուրջ խնդիրներից է լեզվի հարցը: Արևմտահայերենը որքան էլ հասկանալի է հայաստանցիների համար, այնուամենայնիվ երեխաներն ու երիտասարդները հաճախ միմյանց չեն հասկանում, տղաները երբեմն ծաղրում են միմյանց: Լեզվի խնդիրն առավել ակնհայտ է դառնում աշխատանք փնտրելիս, որովհետև սիրահայերն արևելահայերեն գրել չգիտեն, և դա լուրջ խոչընդոտ է աշխատանքի ընդունվելիս: Եթե սիրիահայ երեխաների համար իրականացող նախորդ ծրագրում ընգրկված էին 13-16 տարեկան պատանիները, ապա այժմ աշխատանք է տարվելու 17-30 տարեկանների հետ:
Ուկրաինայի Կարմիր խաչից ծրագրի համակարգող Օլգա Պոբերեժնայան ներկայացրեց այսօրվա իրենց մարտահրավերները` ներքին տեղահանվածների հետ կապված.
- Մինչև վերջերս մենք խաղաղ Ազգային ընկերություն էինք: Առաջին անգամ մեր կամավորներին սոցիալ-հոգեբանական աջակցություն պետք եղավ Մայդանից հետո: Այդ ժամանակ մենք հրավիրեցինք Դանիական Կարմիր խաչի մեր գործընկերներին:
- Այս ծրագրում մեր թիրախը կլինեն Ուկրաինայի արևելյան շրջաններից տեղահանված երիտասարդները: Կենտրոնանալու ենք 5 շրջանների վրա: Ըստ պաշտոնական տվյալները` 1 100 000 ներքին տեղահանված կա: Նրանք հաճախ դիսկրիմինացիայի են ենթարկվում:
Օլգա Բերեժնայի խոսքերով, տեղահանվածները ինտեգրման հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, քանի որ դեռ հույս ունեն վերադառնալ իրենց տները, և ջանքեր չեն գործադրում աշխատանք գտնելու և տեղում հաստատվելու համար: Առկա է նաև լեզվի խնդիր:
Հետագա քննարկման ընթացքում որոշվեցին գլխավոր խնդիրները, որոնց ուղղությամբ պետք է աշխատանք տարվի ծրագրի ընթացքում` դիսկրիմինացիա, խարանում, մեկուսացում: