Մայիսի 27-ին Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնում (ՀԱՓԿ ՊՈԱԿ) ՝ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի տնօրեն Քնարիկ Դավթյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ստորագրեցին «Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի կրթական ծրագրի» պայմանագիրը։ Ներկա էին ՀԱՓԿ ՊՈԱԿ տնօրեն Ռուբեն Առաքելյանը և Հայաստանում ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ներկայացուցիչ Սերգեյ Միրզոյանը։
Ծրագիրը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվելու է Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, ներգրավված է 42 համայնք։
Երկու տարվա ընթացքում ՀԿԽԸ-ն կիրականացնի Պատերազմի պայթյունավտանգ մնացորդների և Ականների ռիսկի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, այդ թեմայով կկրթվի նվազագույնը 24 000 աշակերտ և 1500 ուսուցիչ, կկառուցվեն մանկական խաղահրապարակներ:
Ծրագիրն իրականացվելու է ՆԱՏO-ի աջակցության և գնումների գործակալության (NSPA) ֆինանսավորմամբ, «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» և «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» հետ համագործակցությամբ՝ «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամը» իրականացնելու է մոնիտորինգը, իսկ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը՝ որպես ազգային մարմին, տրամադրելու է խորհրադատվություն և իրականացնելու է վերահսկողություն ողջ ծրագրի ընթացքում:
Ներկաները բարձր գնահատեցին ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության դերակատարումը ծրագրի ձևավորման հարցում և հույս հայտնեցին հետագա համագործակցության վերաբերյալ: