Փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին Շիրակի մարզպետարանում հուշագիր ստորագրվեց ՀՀ Շիրակի մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՏԿԱԻ աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական ծառայության և ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմ, Ազատան, Առափի, Նոր Կյանք, Անուշավան, Պեմզաշեն, Մեծ Մանթաշ, Սառնարղբյուր, Շիրակավան գյուղական համայքների միջև:
Հուշագրի համաձայն` ՀՀ Շիրակի մարզպետարանը պարտավորվում է Հայկական Կարմիր խաչի ընկերությանը և Համայնքային կամավորական արձագանքման թիմերին ընդգրկել արտակարգ իրավիճակների արձագանքման մարզային պլանում, որտեղ հստակ ընդգծված կլինեն Հայկական Կարմիր խաչի ընկերության և Համայնքային կամավորական արձագանքման թիմերի դերը և պատասխանատվության շրջանակները: ՀԿԽԸ-ն ընդգրկված կլինի նաև ՀՀ Շիրակի մարզային ԱԻ հանձնաժողովի և Աղետների ռիսկի նվազեցման ՀՀ Շիրակի մարզային թիմի կազմերում: Շիրակի մարզեպտարանը կօժանդակի Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նաև որպես ԱԻ ոլորտում մարդասիրական առաքելություն իրականացնող առաջատար դերակատարի, որն ունի տեղական և միջազգային համապատասխան արձագանքման կարողություններ` իր մարդասիրական առաքելության և աղետներին արձագանքման գործողություններում ներգրավված Հայկական Կարմիր խաչի ընկերության ուժերի աշխատանքների իրականացման հարցում և այլն:
ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ողջունելով ներկաներին, նշեց.
- «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագիրն ու աղետների կանխարգելման այլ ծրագրերը, որ մենք իրագործում ենք Շիրակի մարզում շատ կարևոր են: Հենց այստեղ՝ այս մարզում, 1988-ի երկրաշարժից հետո մենք հասկացանք, որ պատրաստ չենք: Նման ծրագրերի նպատակն է, որ համայնքի յուրաքանչյուր անդամ պատրաստված լինի դիմակայելու աղետներին:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` արդեն ներգրավված լինելով նշված պլաններում ու հանձնաժողովում, կազմակերպչական և փորձագիտական հարցերով (առաջին օգնություն, հոգեբանա-սոցիալական աջակցություն և այլն) կաջակցի ՀՀ ՏԿԱԻ նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից Համայնքային կամավորական արձագանքման թիմերի համար նախատեսված վերապատրաստման դասընթացներին, ուսումնավարժանքներին և այլ միջոցառումներին, կաջակցի ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի վերանորոգմանն ու կօգտագործի դրա կարողությունները` նպատակային ծրագրեր և միջոցառումներ իրականացնելու համար, արտակարգ իրավիճակներում կօգտագործի Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային ցանցի կարողությունների «Որոնում» ծառայության գործողություններն իրականացնելու նպատակով` տուժածների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, մշակման և տուժածների ընտանիքներին դրանց տրամադրելու միջոցով և այլն:
Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանն ընդգծեց.
- Համայնքային կամավորական թիմերը մեծ նշանակություն ունեն մեզ համար, մենք համարում ենք, որ նրանք միացել են մեզ՝ որպես փրկարարներ:
Հուշագրի համաձայն, Շիրակի մարզային փրկարարական վարչությունը պարտավորվում է Համայնքային կամավորական արձագանքման թիմերին ներգրավել տարեկան պլանով նախատեսված ուսումնավարժանքներում, իրավիճակային խաղ-վարժանքներում, ընդգրկել նրանց մարզային ԱԻ արձագանքման պլանում, թիմերի անդամների և նրանց կարողությունների, տեխնիկական հագեցվածության, կոնտակտային տվյալների և այլ տեղեկությունների վերաբերյալ Ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնել տեղեկատվական բազա: Ըստ ձեռք բերված համաձայնության Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ընդգրկված կլինի ՀՀ Շիրակի մարզային ԱԻ հանձնաժողովի և Աղետների ռիսկի նվազեցման ՀՀ Շիրակի մարզային թիմի կազմերում, ինչպես նաև տեղ կունենա ճգնաժամային կառավարման կենտրոնում:
ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց ծրագրի արդյունքներն ու ձեռբերումները
- Այսօր մենք արդեն ունենք վիճակագրական տվյալներ, թե որ համայնքում քանի դեպքի են արձագանքել Համայնքային կամավորական թիմերը: Դա վկայում է այն մասին, որ այս թիմերը գործող են, պատրաստված են և ունակ արձագանքելու: Մեր նպատակն է ամեն ինչ անել, որպեսզի նրանք շարունակեն իրենք առաքելությունը: Այս հուշագիրը կօգնի նաև, որ հստակեցվեն Կարմիր խաչի և համայնքների գործառույթները` արտակարգ իրավիճակների ժամանակ:
Հուշագրի ստեղծման համար նախադրյալներն ստեղծվեցին «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքում, որն իրականացվել է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության բաժնի, Դանիական և Իսլանդական Կարմիր խաչերի համաֆինանսավորմամբ ևԿԽ և ԿՄ ՄՖ օժանդակությամբ:
Ծրագրի շրջանակներում թիրախային Շիրակի մարզի թիրախային 18 համայնքներում ձևավորվեցին Համայնքային կամավորական թիմեր: ՀԹ-ին համապատասխան գիտելիքներ տալու և նրանց պատրաստվածության բարձր մակարդակը ապահովելու համար ՀԿԽԸ-ն կազմակերպել է «Աղետների կառավարման հիմունքներ», «Մարդասիրական օգնության տրամադրում» և «Փրկարարական հիմունքներ և առաջին օգնություն» թեմաներով տեսական և գործնական դասընթացներ: Որպես դասընթացների ավարտական փուլ` կազմակերպվել են ուսումնական խաղ վարժանքներ թիրախային բոլոր ինը համայնքներում` ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի փրկարար ծառայության և «ԼՈՌԷ փրկարարական ջոկատ» ՀԿ-ի հետ համատեղ:
Յուրաքանչյուր ՀԹ-ի տրվել է փրկարարական գույք (սաղավարտ, պարան, բահ, բարձրախոս և այլն) և հանդերձանք (բաճկոն, տաբատ և այլն): Մարզային գործընկերների համար կազմակերպվել է Կլիմայի փոփոխության և Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) թեմայով սեմինար:
Թիմերի պատրաստվածությունը հնարավորություն է տալիս նրանց արտակարգ իրավիճակի դեպքում արձագանքել՝ մինչ փրկարարների ժամանումը, և այդ ուղղությամբ արդյունքներ արդեն գրանցվել են:
Հուշագրում նշված գործողությունները հնարավորություն կտան ոչ միայն պահպանել այդ ձեռքբերումները, այլև զարգացնել, և հետագայում այս փորձը ներդնել նաև Հայաստանի այլ մարզերում: