Սեպտեմբերի 25-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունում էին Ավստրիայի Արտաքին գործերի նախարարության պատվիրակ Դոնատուս Կոկը և Հայաստանում և Վրաստանում Ավստրիայի զարգացման գործակալության ներկայացուցիչները:
Այցելության նպատակն էր ծանոթանալ ավստրիական կառավարության և Ավստրիական Կարմիր խաչի ֆիանսավորմամբ իրականացվող, մասնավորապես՝ սիրիահայերի աջակցության ծրագրերին:
Ողջունելով հյուրերին ՀԿԽԸ Գլխավոր գրասենյակում՝ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներակայացրեց Հայկական Կարմիր խաչի ընկերության անցած 95-ամյա ուղին, ռազմավարական ուղղությունները, ուժեղ և թույլ կողմերը.
- Ազգային ընկերության գործունեության ակտիվ շրջանն սկսվեց 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո: Կազմակերպությունը մեծ զարգացում ապրեց, և շուտով, մենք մարդասիրական օգնություն տրամադրելուց անցանք զարգացման ծրագրերի: Անցնելով Բնակչության տեղաշարժի ուղղությանը՝ պետք է նշեմ, որ 2012թվականից, երբ սկսվեց սիրիահայերի ներհոսքը, նրանք ներգրավվեցին ՄԱԿ-ի ՓԳՀԳ կողմից ֆինանսավորվող ծրագրում: Այնուհետև մշակվեցին հատուկ ծրագրեր՝ սիրիահայերի համար, և այստեղ մեծ դեր ունեցան և Ավստրիայի զարգացման գործակալությունը, և Ավստրիական Կարմիր խաչը: Կցանկանայի ընդգծել, որ նրանց աջակցության շնորհիվ հնարավորություն ստացանք ընդլայնել մեր գործունեությունը և նոր ծառայություններ մատուցել մեր շահառուներին, ինչի համար շնորհակալ ենք:
Այնուհետև Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ներկայացրեց սիրիահայերի ներհոսքի հետ կապված իրավիճակը, որից ելնելով է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշակում աջակցության ծրագրերը:
- Ներկայումս Հայաստան ժամանակ մոտ 18 000 սիրիահայերից 5500-ը գրանցված են մեզ մոտ: 2013 թվականից Սիրիահայերի աջակցության ծրագրի երեք փուլ է իրականացվել, այժմ ընթացքի մեջ է նաև Սիրիահայերի ինտեգրման խթանում ծրագիրը, որի տնտեսական ինտեգրման բաղադրիչը մեզ համար շատ կարևոր է: Այն հնարավորություն է տալու սիրիահայերին համատեղ բիզնես նախագծեր իրականացնել, իսկ հատուկ սիրիահայ մասնագետների համար ստեծված ինտերնետային կայքը կապ կստեղծի գործատուների և աշխատանք փնտրողների միջև, որպեսզի գործատուն և աշխատողը կարողանան գտնել իրար: Մենք ձգտում ենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի մարդիկ չհեռանան Հայաստանից, այլ հաստատվեն այստեղ, - ասաց նա:
Պարոն Կոկը հետաքրքրվեց հատկապես կամավորների ներգրավման համակարգով, պետական կառույցների և մասնավոր սեկտորի հետ Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությամբ: Խոսելով ծրագրերի շարունակականության մասին, նա, ասաց.
- Թեև եվրոպական երկրնեըը, այդ թվում և Ավստրիան, այսօր ինքն էլ դժվար ժամանակներ է ապրում՝ ներգաղթյալների ներհոսքի պատճառով, հաշվի առնելով Հայկական Կարմիր խաչի հետ արդյունավետ համագործակցությունը կարծում եմ, որ այն կշարունակվի, և մենք կկարողանանք աջակցել սիրիահայերի հետագա ինտեգրմանը: