Նոյեմբերի 11-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին: Հանդիպման նպատակն էր քննարկել Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի օժանդակությամբ իրականացվող «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էր նաև “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” հ/կ նախագահ Լենա Հալաջյանը:
Հանդիպումը առաջինն էր «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի շրջանակներում, քանի որ Սփյուռքի նախարարությունն է պետական այն հիմնական կառույցը, որը համակարգում է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերին տրամադրվող աջակցությունը:
ՀՀ Սփյուռքի նախարարը մասնավորապես նշեց.
- Մենք շատ ենք կարևորում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից սիրիահայերի համար մինչ օրս իրականացված ծրագրերն ու հույս ունենք, որ դրանք շարունակական կլինեն:
ՀԿԽԸ նախագահն էլ իր հերթին բարձր գնահատեց վերջին մեկ և կես տարվա ընթացքում Սփյուռքի նախարարության կողմից գործադրված ջանքերն այս ոլորտում, որոնք տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների համախմբել են` դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին աջակցելու և մեր հասարակության մեջ հնարավորինս արագ ինտեգրելու գործի շուրջ:
«Աջակցություն սիրիահայերին» ծրագրում ներգրավված է 300 սիրիահայ ընտանիք: Նրանցից առավել խոցելիները կստանան հիգիենիկ ծանրոցներ ու կենցաղային իրեր, այդ թվում ձմեռային հագուստ, քրոնիկ հիվանդություն ունեցողները` համապատասխան դեղորայք, նախատեսված է նաև աջակցություն տրամադրել այդ ընտանիքներին` սեփական փոքր բիզնես սկսելու համար: Ծրագիրն իրականացվելու է 2013թ. հոկտեմբերից մինչև 2014թ. հունիսը: