Մարտի 23-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Կլիմայի արևելյան հարթակ II» տարածաշրջանային ծրագրի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց երեք եռակողմ պայմանագիր` Ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթին հաղթող ճանաչված կազմակերպությունների, Ավստրիական Կարմիր խաչի ընկերության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև:
Միջոցառմանը մասնակցում էին՝ «Կլիմայի արևելյան հարթակ II» տարածաշրջանային համակարգող Ինա Վաչիբերիդզեն, Հարավային Կովկասում Ավստրիական Կարմիր խաչի ծրագրերի ֆինանսական ղեկավար Թիերի Ժերարը, «Կլիմայի հայկական հարթակ»-ի անդամ կազմակերպություններ:
ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ողջունեց ներկաներին, նշելով.
- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2013 թվականից սկսած իրականացնում է «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագիրը, որի առաջին փուլի նպատակն էր ստեղծել ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հարթակ` նպաստելով կլիմայի փոփոխության և բնապահպանական ոլորտներում արդյունավետ քաղաքականության իրականացմանը: Երկրորդ փուլի ընթացքում, որն իրականացվում է 2015 թ. հունվարից, Ծրագիրն աջակցելու է հարթակի անդամ կազմակերպությունների հզորացմանը՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացման միջոցով:
2015 թվականի օգոստոսին Հայկական Կարմիրն խաչի ընկերությունը 3 դրամաշնորհային մրցույթ հայտարարեց` հարթակի անդամ կազմակերպությունների համար: Այսօր ուրախ եմ ողջունել մրցույթում հաղթող ճանաչված 3 կազմակերպություններին, որոնք հիմք կդնեն հետագա դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար: Ես վստահ եմ, որ մեր համատեղ արդյունավետ աշխատանքի մասին տեղեկատվությունը կտարածվի ցանցի ներսում, և հաջորդ փուլում մենք դիմող կազմակերպությունների ու ծրագրերի ավելի մեծ թիվ կունենանք:
Դրամաշնորհներ տրամադրվեցին հետևյալ ծրագրերին և կազմակերպությունների. «Տեղական մակարդակում Կլիմայի փոփոխության հարմարվողականության գործողությունների պլանի մշակում» ծրագրի հաղթող է ճանաչվել «Ազգային Ջրային համագործակցություն» ՀԿ-ն: «Կլիմայի փոփոխության և առողջապահության ոլորտների ազգային ռազմավարության վերլուծություն» թեմայով ծրագրի հաղթող է ճանաչվել «Սոցիալ – էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ-ն, իսկ «Քաղաքացիական հասարակության՝ հատկապես աշակերտների և երիտասարդության բարձրացման, ազգային քաղաքականության երկխոսության համար նյութերի մշակում» ծրագրի հաղթող է ճանաչվել «Խազեր» ՀԿ-ն:
Արարողությունից հետո հաղթող ճանաչված կազմակերպությունները մասնակիցների ուշադրությանը ներկայացրեցին իրենց ծրագրերը և դրանց շրջանակներում իրականցվող գործողությունները:
«Կլիմայի արևելյան հարթակ II» տարածաշրջանային ծրագրի նպատակն է ընդլայնել ԿՓՀ ոլորտում գործող առկա 6 Ցանցերի և դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում ազգային և տեղական մակարդակում քաղաքականության ձևավորման գործընթացին, հանրային իրազեկման բարձրացմանն և Կլիմային փոփոխության ու բնապահպանության կառավարման ոլորտում կրթությանը նպաստելու նպատակով:
Ծրագիրն իրականացվում է արևելյան գործընկերության վեց երկրներում՝ 2015թ. հունվարից մինչև 2017թ. հունիսը: Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Լրացուցիչ ֆինանսավորում տրամադրում են Ավստրիայի զարգացման գործակալությունը և Ավստրիական Կարմիր խաչը: