Նոյեմբերի 5-ից՝ Շիրակի մարզի Առափի, Սառնաղբյուր և Նահապետավան համայնքների՝ այս տարի օգոստոսի 17-ին և 18-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ամենաշատը տուժած 1097 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 5012 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանա մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։ «Հայբիզնեսբանկի» Գյումրու և Արթիկի մասնաճյուղերի միջոցով այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ կստանա 22 440 ՀՀ դրամ (ընդհանուր առմամբ՝ 112 469 280 ՀՀ դրամ)։
Այս տարի օգոստոսին Շիրակի մարզում տեղացած աննախադեպ ուժեղ կարկուտը ոչնչացրել էր մարզի գրեթե ամբողջ բերքը։ Պաշտոնական տվյալներով խիստ տուժել են 11 համայնքների 2202 տնտեսություններ և ավելի քան 780 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր։ Աղետի հասցրած ընդհանուր վնասը կազմել է 903․54 միլիոն ՀՀ դրամ։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես կառավարությանն աջակցող կազմակերպություն մարդասիրական ոլորտում, տվյալ համայնքերին աջակցելու նպատակով, իրականացրել էր կարիքների գնահատում, որի արդյունքում ամենախոցելի էին համարվել Առափին, Սառնաղբյուրը և Նահապետավանը՝ որպես առավել տուժած համայնքներ (բերքի 80-100 տոկոսը կորցրած)։ Մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ՝ ճշգրտվել և հստակեցվել են առավել տուժած ընտանիքների ցուցակները։
Միջոցներ հայթայթելու նպատակով ՀԿԽԸ-ն համապատասխան ծրագրով դիմել էր Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացել 257․134 շվեյցարական ֆրանկ (124 671 419 ՀՀ դրամ) տուժածներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։