Հունիսի 19-20-ին, "Կլիմայի արևելյան հարթակ" ծրագրի շրջանակներում 20-ից ավելի հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներ հանդիպել էին Ծաղկաձորում` բնապահպանական և կլիմայի փոփոխության քաղաքականության խնդիրները քննարկելու, ինչպես նաև հուլիսին Կլիմայի հայկական հարթակ ազգային պլատֆորմի մեկնարկային հանդիպմանը նախապատրաստվելու համար:
Քննարկվող թեմաներն էին` Կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային համաձայնագրերը և ՀՀ ու ԵՄ դիրքորոշումները, ՀՀ մասնակցությունը Կիոտոյի արձանագրությանը, Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը. ՀՀ և ԵՄ քաղաքականությունները, ֆինանսական մեխանիզմները, տեխնոլոգիաների զարգացումն ու փոխանցումը, կարողությունների ամրապնդումը: Թեև պլանավորված էր անցկացնել սեմինար, և պետք է լինեին միայն դասախոսություններ` թեժ քննարկումներ տեղի ունեցան ներկայացվելիք թեմաների շուրջ, ինչը դրական ազդանշան էր "Կլիմայի հայկական հարթակ" ցանցը ընդլայնելու համար:
Այս հանդիպումից հետո Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կլիմայի փոփոխության ոլորտում քաղաքականության առաջնայնությունների հստակեցման նպատակով կազմակերպեց երկու սեմինար: Առաջին սեմինարի ընթացքում, որը տեղի ունեցավ Երևանի Օրհուս կենտրոնում, քննարկվեցին Ցանցի անդամ ՀԿ-ների կարողությունները և հնարավոր ներդրումները` "Կլիմայի հայկական հարթակ" ցանցը ընդլայնելու համար: Ավելին, թեժ քննարկումների արդյունքում Կլիմայի խոցելիության գնահատման (ԿԽԳ) զեկույցի համար ընտրվեցին հինգ առաջնային ոլորտներ, մասնավորապես` աղետների ռիսկի նվազում, առողջապահություն, գյուղատնտեսություն, էկոհամակարգեր և ջրային ռեսուրսներ: Մասնակիցներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին` մասնակցելու ԿԽԳ զեկույցի պատրաստման գործընթացին` թեմատիկ ուսումնասիրություններ պատրաստելով յուրաքանչյուր ընտրված ոլորտի համար: Հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ:
Երկրորդ սեմինարը նվիրված էր "Կլիմայի հայկական հարթակ" ցանցի աշխատանքային պլանի մշակմանը, ինչպես նաև Փոխըմբռնման հուշագրի քննարկմանը, որը պետք է ստորագրվի ՀԿԽԸ-ի և Ցանցի անդամ կազմակերպությունների միջև: Արդյունքում, Փոխըմբռնման հուշագիրն ամբողջականացվեց, և կստորագրվի` հոկտեմբերի վերջին կայանալիք "Կլիմայի հայկական հարթակ" ցանցի աշխատանքային հանդիպման ընթացքում: