Հուլիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունն սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկուտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու տրամադրվում են սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները:
Հուլիսի 4-ին մարդասիրական օգնության բաշխումն իրականացվեց Արևիկ, Մրգաշատ և Ալաշկերտ համայնքներում: Բաշխմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
Մարզպետ Ա. Ղահրամանյանը` լրագրողների հետ զրույցում ասաց.
- Մենք շատ շնորհակալ ենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այս դժվար պահին մեր կողքին էր և, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի աջակցության շնորհիվ կարողացավ աջակցել կարկուտից տուժած մեր հայրենակիցներին:
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը շեշտեց, որ ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարար սկզբունքներից, ակտիվ գործունեություն էր սկսել աղետից տուժած համայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար.
- Արմավիրի մարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքման թիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցին վնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավել խոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներ Արմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության, ինչպես նաև` այլ միջազգային կառույցների հետ:
Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում էր կայացրել դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղական համայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131 ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացել էր դրական արձագանք և հատկացվել էր մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ:
ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվել են բաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը և շահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելու համար:
Մայիսի 12 -17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեց Արմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության և Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատման հանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակի վնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀ դրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար: