«Եվ եթե մի օր ընտրություն լինի ճիշտ կամ բարի լինելու մեջ, ընտրիր բարին…» Ռ.Ջ.Պալացիո
Ամիսներ առաջ ընթերցած գրքերից մեկում մի երկտող կար, որ մեխի պես գամվեց գիտակցությանս մեջ. «Մեր արարքները մեր հուշարձաններն են»։
Անցավ որոշ ժամանակ, ու ես անհրաժեշտություն զգացի ինչ-որ բարի բան անելու։ Ու քանի որ ոչինչ էլ պատահական չի լինում, իմ կյանքում հայտնվեց Կարմիր Խաչը, կամ էլ ես հայտնվեցի Կարմիր Խաչում։ Կամավոր դարձա Արագածոտնի մարզային մասնաճյուղում ու սկսեցի օգնել թիմի անդամներին։
Սկսվեց միայնակ տարեցներին օգնության ծրագիրը, ու ես իմ գործունեությունը պիտի ծավալեի հենց այս ծրագրի շրջանակներում։
Աշտարակ քաղաքում բնակվող 70 միայնակ ապրող տարեցներին պիտի օգնեինք տնային գործերում ու փոխանցեինք Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից պատրաստված սննդի փաթեթները։ Երբ արդեն սկսեցինք այցելությունները, իսկ դա մի քանի ամիս առաջ էր, սննդի փաթեթը փոխանցելն ու տնային գործերում օգնելը կարծես թե բավարար չէին ո՛չ մեր, ո՛չ տարեց տատիկ-պապիկների համար. նրանց ջերմություն էր պետք, զրույց, զրուցակից, ում կկարողանային ինչ-որ բաներ պատմել ու խոսել, կիսվել։ Նրանց այնքա՜ն անհրաժեշտ էին մարդիկ, ովքեր հոգում են իրենց մասին, մտածում են, հիշում իրենց…
Նախորդ հոդվածումս Գայանե և Աստղիկ տատիկների մասին էի գրել։ Երբ նրանց տուն մտանք, Գայանե տատն ասաց․
-Ես գիտեի, որ Կարմիր խաչից անպայման կգան իմ մարտի 8-ը շնորհավորելու…
Սա ևս մեկ անգամ փաստում է տարեցներին ջերմություն տալու անհրաժեշտության մասին։
Մարտի 8-ին չէինք կարող անտարբեր լինել մեր տատիկների նկատմամբ։ Մենք անպայման պիտի այցելեինք ու շնորհավորեինք նրանց։ Ուստի որոշվեց համախմբել բոլոր ուժերը ու մեծ թիմով գնալ նրանց շնորհավորելու։ Հավաքվեց Արագածոտնի մարզային մասնաճյուղի մեծ կամավորական թիմը, նրանց միացան Աշտարակի «Ստարտափ» ակումբի, «Արի Օշական» երիտասարդական նախաձեռնության և Ագարակի Յուրի Գագարինի անվան «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի երիտասարդները։ Բաժանվեցին փաթեթները, բաժանվեցինք խմբերի ու գնացինք տատիկներին շնորհավորելու։
Մենք գնացինք Արցախի փողոց, որտեղ Շահսանամ տատն էր ապրում։ Ծեծեցինք դուռը, լուսամուտի մոտ գնացինք, կանչեցինք Շահսանամ տատին, ու ներսից ձայն լսվեց։ Շահսանամ տատը մեզ չէր սպասում, բայց ջերմությամբ մեզ ընդունեց։ Բացեց դուռն ու հրավիրեց ներս։ Շնորհավորեցինք մարտի 8-ի կապակցությամբ ու տվեցինք մրգերը նրան, նստեցինք ու զրուցեցինք երկար…
Երբեմն-երբեմն Շահսանամ տատի աչքերը խոնավանում էին, ու մենք էլ էինք տխրում, որովհետև այնքան կարոտներ կան, որ տանջում են մեզ…
Շահսանամ տատը հրաժարվեց տնային գործերն անելու մեր օգնությունից, ասաց` ցուրտ է, կմրսենք… Հետ համոզելն անհնար էր, ու մենք որոշեցինք ինչ-որ կերպ տոն դարձնել նրա օրը։
Արմաթի սաները, ովքեր Ագարակի միջնակարգ դպրոցի երգչախմբի անդամներ էին նաև, սկսեցին երգել ու արտասանել Շահսանամ տատի համար։
Նա այնքան ոգևորված էր, այնքան ուրախ ու բավարարված… Երբ նրան համերգի հրավիրեցինք, մերժեց, ասաց` երեխեքս գուցե զանգեն էդ ժամանակ։
Նրանք այնքա՜ն են սպասում ուշադրության ու սիրո…
Մինչև երեկո տարբեր խմբեր կազմած մեր կամավորները այցելեցին տատիկներին ու շնորհավորեցին նրանց։ Ամեն այցելություն մի մեծ ջերմություն է, օգնություն մարդուն, ում իսկապես անհրաժեշտ է դա։ Ամեն այցելություն մի բարի արարք է, իսկ մեր արարքները մեր հուշարձաններն են։ Եվ եթե ընտրության հնարավորություն լինի ճիշտ կամ բարի լինելու մեջ, ընտրիր բարին…
ՀԿԽԸ Արագածոտնի ՄՄ կամավոր
Սարգիս Մելքոնյան