«Կան լավ և յուրահատուկ լավ մարդիկ»․ Ռոզելիա տատիկ
Հանրակացարանը, որը գնացինք ուներ ութ հարկ, ու վերելակը չէր աշխատում: Երկար, նեղ ու մութ միջանցքներում, իրար հետ կողք - կողքի ապրում ու կենցաղ են կիսում մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի: Նրանցից շատերը տարեցներ են` փախստականներ:
Սնունդով տոպրակները տարեցների սենյակներ բարձրացնելիս մեր կամավորները, դատարկաձեռն չէին վերադառնում, բոլորին կոնֆետ էին հյուրասիրում, ու նրանց աչքերը փայլում էին։ Կոնֆետ ստացած կամավորներից մեկը՝ Գայանեն, ասում է, որ տարեցների համար աշխատելիս իրենք ավելի շատ ստանում են, ոչ թե տալիս:
Այսպես մենք բարձացանք տիկին Ռոզելիայի տուն, նա չէր կարողացել գալ օգնությունը վերցնելու՝ դժվարությամբ էր քայլում: Դուռը բաց էր: Ներս մտանք, ու առաջինը, որ նկատեցինք տիկին Ռոզելիայի տան մաքրությունն ու կոկիկությունն էր:
- Եկեք, եկեք նստեք, մի քիչ տաքացեք, մրսած կլինեք, - այդպես մեզ ներս կանչեց նա։
Նրա կնճիռները կարելի էր հաշվել իր ապրած տարիներով: Խոսում էր ռուսերեն, ասում է. «Ես միայն Արցախի բարբառը գիտեմ, բայց գրական հայերենը չգիտեմ, շատ եմ ցավում դրա համար»:
Ռոզելիա տատիկը Բաքվից եկած փախստական է, այստեղ է ապրում արդեն երկար տարիներ: «Հայրս ու մայրս Արցախից են եղել, բայց մենք ապրել ենք Ադրբեջանում, այնտեղ ռուսական դպրոց եմ գնացել»:
Տեսած դժվարությունները բարությունն ու մարդկային գծերը տիկին Ռոզելիայից չէին խլել: Ասում է` ամեն ինչ անցողիկ է կարևորը` մարդս մարդ լինի: Նրա համար վատ մարդիկ չկան․ «կան լավ և յուրահատուկ լավ մարդիկ»: Հենց այսպես էլ բնութագրեց Կարմիր խաչի կամավորներին:
Ռոզելիան բժշկուհի է եղել, հիմա ոտքի հետ խնդիր ունի՝ դժվարությամբ է շարժվում: Սիրում է կարդալ, տունը մաքուր պահել։ Հանրակացարանում մարդիկ կարիք ունեն երկար զրույցների, ջերմության, պարզապես մարդկային շփումների։
- Կարմիր խաչը մեզ միայն սնունդ ու հիգենայի պարագաներ չէ, որ տալիս է: Կարմիր խաչի կամավորների հետ շփումը, նրանց ջերմությունն ու բարությունն են ամենակարևորը, եզրափակում է տիկին Ռոզելիան։
ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։, Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի կողմից։
Մերի Հովհաննիսյան
ՀԿԽԸ կամավոր