Մասիսի բարեգործական ճաշարանում շաբաթը երեք օր տաք ճաշ, հյութ, քաղցրավենիք է ստանում գրեթե 100 միայնակ տարեց:
65-ամյա Արայիկ Տանաջյանը ճաշարան է այցելում շաբաթը երեք անգամ, թարմ պատրաստված ճաշ ու քաղցրավենիք է տանում նաև Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Քաշաթաղի շրջանից Մասիս տեղափոխված չորս թոռների համար:
- Մամայի եփածի պես համով է, - ասում է նա: - Եթե այդպես չլիներ, չէի գա:
Աշխատակազմից ու սպասարկումից շատ գոհ է: «Գերազանց ու մաքրազարդ»․ այսպես է բնութագրում ճաշարանն ու աշխատակիցներին:
Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն 2017թ. գործարկել է «Սնունդ ՀՀ 4 մարզերի համար» ծրագիրը՝ Լոռու, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում 80 միայնակ տարեցի ապահովել սննդի փաթեթով: Շահառուներն ընտրվել են հստակ որոշված կարիքների և մշակված չափանիշների հիման վրա: Գործընթացն իրականացվել է սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես՝ մարզպետարանների և քաղաքապետարանների սոցիալական հարցերի բաժինների հետ:
Արարատի Մասիս քաղաքում ծրագիրն իրագործվեց Բարեգործական ճաշարանի միջոցով։
- Մեզ համար այդքան տանջվում են, եփում ու լվանում ու մաքրում են, որ ամեն ինչ իդեալական լինի, ոչ մի դժգոհություն չունենանք: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայկական Կարմիր խաչի ընկերությանը այս անձնվեր նախաձեռնության համար:
Արայիկ պապիկը Կարմիր խաչից ստացել է նաև սննդի փաթեթ, հիգիենիկ պարագաներ երկու որդիների ընտանիքների համար, ծալովի մահճակալ, տաքացուցիչ, անկողնային ու հիգիենիկ պարագաներ:
- Մեծ օգնություն էր Կարմիր խաչից,- ասում է նա,- թե չէ իմ դատարկ տան մեջ ինչպես պետք է տեղավորվեին թոռներս:
Ասում է, եթե ինչ-ինչ պատճառով չի կարողանում գալ, Կարմիր խաչի կամավորները ճաշը տուն են տանում, հետաքրքրվում են իր որպիսությամբ բացակայության պատճառով, ամեն բան անում են՝ օգնելու ու իր հոգսերը թեթևացնելու համար: