Մարտի 24-ին, ժամը 12:00-14:00-ը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն (ՀԿԽԸ) իրազեկման ակցիա անցկացրեց` նվիրված մարտի 24-ի Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան:
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Շախմատի դպրոցին հարող պուրակում (Հանրապետության 1) տեղադրվել էր տաղավար, որտեղ ՀԿԽԸ աշխատակիցները և կամավորները հանրությանը բաժանեցին տուբերկուլյոզը լուսաբանող տպագիր նյութեր, պատասխանեցին նրանց հետաքրքրող հարցերին:
Այստեղ կարելի էր տեղեկանալ տուբերկուկուլյոզով վարակվելու ուղիների և բուժման կազմակերպման մասին, լուսանկարվել տուբերկուլյոզի դեմ պայքարի խորհդանիշը հանդիսացող երիցուկի պատկերով հատուկ պաստառի մոտ` նշանավորելով յուրաքանչյուրի դերը` այս հիվանդության դեմ պայքարում:
Տուբերկուլյոզի դեմ պայքարի օրն ամբողջ աշխարհում համախմբում է մարդկանց ընդդեմ հիվանդության, որն ամեն տարի միլիոնավոր կյանքեր է խլում: Ամեն տարի աշխարհում գրանցվում է տուբերկուլյոզի մոտ 9 մլն նոր դեպք, մահանում է 1.6 միլիոնը:
Տուբերկուլյոզը առողջապահական լուրջ խնդիր է մնում նաև Հայաստանում: 2013թ. մեր երկրում տուբերկուլյոզով հիվանդացությունը 100 000 հաշվով կազմել է 36.6, բարձրացել է բարեհաջող բուժման ելքի ցուցանիշը` հասնելով 79.6 տոկոսի: