Մասիսի բարեգործական ճաշարանում շաբաթը երեք օր տաք ճաշ, հյութ, քաղցրավենիք է ստանում գրեթե 100 միայնակ տարեց:
Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն 2017թ. գործարկել է «Սնունդ ՀՀ 4 մարզերի համար» ծրագիրը՝ Լոռու, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում 80 միայնակ տարեցի ապահովել սննդի փաթեթով: Շահառուներն ընտրվել են հստակ որոշված կարիքների և մշակված չափանիշների հիման վրա: Գործընթացն իրականացվել է սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես՝ մարզպետարանների և քաղաքապետարանների սոցիալական հարցերի բաժինների հետ:
Արարատի Մասիս քաղաքում ծրագիրն իրագործվեց Բարեգործական ճաշարանի միջոցով։
73-ամյա Արմո պապիկը խիստ բծախնդիր է, ասում է՝ 2017թ. տիկնոջ մահից հետո ամեն բան ու ամեն մարդու պատրաստած չէ, որ հավանում ու համտեսում է: Բայց Կարմիր խաչի ուտելիքներն այնքան համով ու սննդարար են, որ այդ օրերը բաց չի թողնում: Անհամբերությամբ է սպասում այդ օրերին, ճաշարանում հասակակիցների հետ ջերմ սեղանի շուրջ շփումներին: Ճիշտ է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այս օրերին ուտելիքը տուն են տանում: Ինքն էլ, մինչև Ղարաբաղյան հակամարտության սրացումը մենակ էր ապրում: Հիմա իրեն է միացել Հադրութից տեղափոխված որդու ընտանիքը: Երկու թոռների համար ևս ուտելիքը բավականացնում է:
- Եթե համով ու սննդարար չլիներ, հաստատ չէի գա: Եթե աշխատողները մաքուր ու բարեհամբույր չլինեին, չէի գա: Այնքան սեր ու ջերմություն կա այստեղ, որ միայն դրա համար արժե գալ, - ասում է Արմո պապիկը: