Հունիսի 22-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ «Սիրիահայ փախստականների աջակցություն» ծրագրի առողջապահական բաղադրիչի համատեղ իրականացման նպատակով։
Նպատակն է մարդասիրական աջակցություն տրամադրել առավել խոցելի սիրիահայերին, մասնավորապես՝ ֆինանսապես աջակցել անհետաձգելի թանկարժեք առողջապահական ծառայությունների կարիք ունեցող ընտանիքներին։
Հուշագրի շրջանակներում ՀԿԽԸ-ն 25 500 ԱՄՆ դոլարի աջակցություն կտրամադրի նշված առողջապահական ծառայությունները կազմակերպելու համար, իսկ ՀԲԸՄ-ն կապահովի շահառուների առաջին բուժօգնության տրամադրումը և հետագա բժշկական կարիքների գնահատումը ՀԲԸՄ-Քլոտեա Նազարեան բժշկական կենտրոնում։
- Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սիրիահայերի մարդասիրական կարիքներին արձագանքել է նրանց ժամանման առաջին իսկ օրվանից՝ 2012 թվականից։ Այդ աջակցությունը եղել է բազմաբնույթ՝ իրավական խորհրդատվությունից և մարդասիրական օգնության տրամադրումից մինչև սեփական բիզնես հիմնելու հնարավորության ստեղծում և զարգացում։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ կարող ենք սիրիահայերին աջակցել նաև առողջապահական ծառայություններ ստանալու ոլորտում, քանի որ դրա կարիքը շատ մեծ է, - ասաց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։
- Սիրիական ճգանաժամի առաջին իսկ օրվանից ՀԲԸՄ-ն սիրիահայերի աջակցությանն ուղղված մարդասիրական, սոցիալական, կրթական ու առողջապահական լայնածավալ ծրագրեր է իրագործել հենց Սիրիայում, այլ երկրներում, ինչպես նաև՝ Հայաստանում: Սիրիահայ հարյուրավոր երիտասարդներ, ովքեր իրենց բարձրագույն կրթությունն ստանում են Հայաստանում, անցնող տարիներին օտվել են ուսումնական վարձավճարների փոխհատուցման մեր ծրագրից: Սիրիահայ կարիքավոր ընտանիքներին ցուցաբերվում է սոցիալական ու առողջապահական տարաբնույթ օգնություններ: Հազարավոր սիրիահայեր օգտվում են ՀԲԸՄ Քլոտեա Նազարեան բժշկական կենտրոնի ծառայություններից, իսկ վիրահատական անհետաձգելի միջամտությունների, ծանր հիվանդությունների բուժման պարագայում՝ մասնակիորեն փոխհատուցվում են ծախսերը: Ծրագրերի իրականացման գործընթացում մենք չափազանց կարևորում ենք համագործակցության ընդլայնումը միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ, որոնց հետ համատեղ աշխատելու մեր փորձն արդյունավետորեն ծառայում է ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդկանց կարիքների բավարարմանը: Այս տեսակետից մեծապես կարևորում եմ այս համագործակցությունը ՀԿԽԸ-ի հետ, - ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանը:
«Սիրիահայ փախստականների աջակցություն» ծրագիրը, որի մեկնարկը տրվել էր 2019 թվականի նոյեմբերի 1-ից, շարունակվելու է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 31-ը։ Նպատակն է բարելավել Հայաստանում սիրիացի փախստականների բարեկեցությունը՝ ապահովելով մարդասիրական աջակցություն և կրթության հասանելիություն՝ առավել խոցելի ընտանիքներին։
Ծրագրի շրջանակներում.
Աջակցության ընդհանուր գումարը կկազմի 100 000 դոլար։