Նոյեմբերի 17-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ առավել խոցելի տարեցների համար գործող բարեգործական ճաշարանի պաշտոնական բացումը: Ծրագիրն իրագործվում է Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ:
Բացման արարողությանը ներկա էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը և Շվեյցարական Կարմիր խաչի միջազգային համագործակցության ծրագրերի համակարգող Ալեքսանդրա Պապիսը:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ, այս տարվա հուլիսից բարեգործական ճաշարաններ գործարկեց Արարատի և Արմավիրի մարզերում: Այս նախաձեռնության շնորհիվ 80 տարեցներ յուրաքանչյուր մարզում ոչ միայն ապահովված են տաք, սննդարար ճաշով և հնարավորություն ունեն ամեն օր շփվել միմյանց հետ, այլև շրջապատված են ՀԿԽԸ կամավորների ու անձնակազմի ջերմությամբ ու հոգատարությամբ: Շահառուներն ընտրվել են հստակ որոշված կարիքների և մշակված չափանիշների հիման վրա: Գործընթացն իրականացվել է սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես՝ մարզպետարանների և քաղաքապետարանների սոցիալական հարցերի բաժինների հետ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությանը միացել են և իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև տեղական ինքնակառավարման մարմիններն ու մասնավոր սեկտորը՝ Մասիս քաղաքապետարանն աջակցել է տարածքի վերանորոգմանը, որն անվարձահատույց տրամադրվել էր մասնավոր անձի կողմից, Արմավիրի մարզպետարանն ապահովել է անվճար տարածք և կոմունալ ծախսերի փոխահատուցում, Արմավիրի քաղաքային տրանսպորտի տնօրինության հետ պայմանավորվածության համաձայն ապահովվում է տարեցների անվճար տեղափոխումը, «Ապարան» ջրի գործարանի կողմից տրամադրվում է խմելու ջուր:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: