Լայն միջանցքի անկյուններում մի քանի տղամարդ ու կին, ոմանք՝ հաշմանդամի սայլակին նստած, ոմանք՝ պարզապես աթոռներին, հեռուստացույցից ներս լցվող երաժշտության հնչյունների տակ նարդի կամ շաշկի են խաղում։ Շուրջը վերանորոգում է՝ հին ու նոր պատերի հակադրությունը հիշեցնում է, թե ինչ պայմաններ էին այստեղ նախկինում, և թե ինչպես էին ապրում 160 միայնակ խնամքի կարիք ունեցող տարեցներ կամ հաշմանդամություն ունեցող անձինք։ Բոլորի պատմությունները տարբեր են, բայց նույն ավարտն ունեն՝ մնացել են առանց խնամքի, հարազատները կամ արտասահմանում են, կամ էլ հնարավորություն չունեն տանը պահելու և խնամելու։ Նրանցից շատերի համար սա վերջին ապաստանն է։
Գյումրու շուրջօրյա խնամքի հիմնանորոգվող կենտրոնն է, որի կառավարումն արդեն երկու տարի է, ինչ ստանձնել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
62 - ամյա Սուսաննան այստեղ եկել է 2014 թվականին Վարդենիսից՝ ուղեղի կաթված է ունեցել, ձեռքը չի աշխատում։ Շատ մաքրասեր է, բոլորին նկատողություն է անում, որ մաքուր պահեն իրենց ու սենյակները։
- Ես պահեցի ծնողներիս, երբ եղբայրներս հրաժարվեցին, - ասում է նա, - հետո հիվանդացա, մեկ տարի անկողնային հիվանդ էի։ Ասացին, որ տանը հարսներ, երեխաներ ունեն, հորքուր չեն կարող պահել, ու բերեցին թողեցին այստեղ։ Ինձ բուժեցին, ես հիմա կարողանում եմ քայլել։ Շատ շնորհակալ եմ բոլորին։
2021 թվականի սեպտեմբերից սկսվեց առաջին մասնաշենքի վերանորոգումը, որտեղ ստեղծվել է պալիատիվ խնամքի բաժանմունք։ Հիմնանորոգվել են մասնաշենքի քսան սենյակները, ճաշարանն ու խոհանոցը, կաթսայատունը, առաջին հարկի միջանցքի վերանորոգումը կավարտվի մարտ ամսվա վերջին։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ֆոնդեր է հայթայթում մյուս երկու մասնաշենքերի վերանորոգման համար ևս:
- Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ, որպեսզի բոլոր խնամառուներն ապրեն հավասար պայմաններում, - ասում է ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը:
Վերանորոգումն ընթանում է Ավստրիական զարգացման համագործակցության, Ավստրիական, Իտալական և Շվեյցարական Կարմիր խաչերի ֆինանսական աջակցությամբ: