Փետրվարի 23-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, կազմակերպության Գլխավոր գրասենյակում, հանդիպեց Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի ներկայացուցիչներին` ՇԿԽ ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութչմանին, ՇԿԽ խորհրդական Սուսանա Իգլոֆին, Մոնակոյի Կարմիր խաչի ներկայացուցիչ Աննե Դենզիգերին և փորձագետ - համակարգող Լենա Կռիլովային:
Այցի նպատակն էր քննարկել ու պլանավորել Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ ապագա համագործակցությունը՝ սոցիալական աջակցության և առողջապահության ոլորտներում:
Ողջունելով հյուրերին, Գլխավոր քարտուղար Ա. Եղիազարյանը նշեց, որ շատ կարևորում է համագործակցությունը Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ.
- Մեր այսօրվա հանդիպումը, որը նախորդ` գնահատման փուլի արդյունքներով է պայմանավորված, հնարավորություն կտա նախանշելու սոցիալական աջակցության և առողջապահության ոլորտների այն ուղղությունները, որով աշխատելու ենք, մասնավորապես` տարեցների տնային խնամքը և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը:
Այս այցելությունը թույլ կտա, որպեսզի սկիզբ դնենք մեր երկարատև համագործակցությանը` մեր ջանքերն ուղղելու վերը նշված ոլորտներում արդյունավետ համակարգի ներդրմանն ու հետագա զարգացմանը:
ՇԿԽ ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութչմանը ևս, ընդգծելով նման համակարգի անհրաժեշտությունը, ասաց.
- Մեր համագործակցության շրջանակներում նախատեսում ենք նաև Ձեզ հետ կիսել այն Ազգային ընկերությունների փորձը, որոնց հետ արդեն աշխատում ենք:
ՀԿԽԸ Գլխավոր քարտուղարի հետ քննարկմանը հաջորդեց աշխատանքային հանդիպումը ՀԿԽԸ անձնակազմի հետ:
ՇԿԽ ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութսչմանը ներկայացրեց Շվեյցարիայի Կարմիր խաչի միջազգային համագործակցության առաջնահերթություններն ու մոտեցումները, ինչպես նաև՝ Առողջության համար համայնքային գործողությունների միջոցով առողջական վիճակի, առողջ ապրելակերպի և բարօրության բարելավման տարածաշրջանային փորձը: Տիկին Ռութչմանը ծանոթացրեց նաև ոչ վարակիչ հիվանդությունների հետ պայքարի հայեցակարգին, անդրադարձ կատարեց Օտտավայի կանոնադրությանը:
Ամբողջ աշխարհում մահացության ամենաշատ դեպքերը գրանցվում են ոչ վարակիչ ամենատարածված չորս հիվանդությունների պատճառով: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, սրտանոթային հիվանդություններից տարեկան մահանում է 17.5 մլն մարդ, քաղցկեղից՝ 6.2 մլն, շնչառական հիվանդություննրից՝ 4 մլն, և շաքարային դիաբետից՝ 1.5 մլն մարդ:
ՀԿԽԸ Առողջապահության բաժնի վարիչ Լուսինե Քոչարյանը ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների և դրանց դեմ պայքարի վիճակագրությունը Հայաստանում:
Այնուհետև, աշխատանքային հանդիպման մասնակիցներն իրականացրեցին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ոլորտում գործողությունների, առողջ ապրելակերպի և առողջապահության վերաբերյալ հանրային իրազեկվածության և համայնքային ներգրավվածության բարձրացման կարիքների գնահատում՝ դիտարկելով դրանք ՀԿԽԸ կարողությունների և հնարավորությունների տեսանկյունից:
Այս շաբաթվա ընթացքում Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի ներկայացուցիչները կլինեն նաև ՀԿԽԸ Լոռու և Շիրակի մարզային մասնաճյուղերում, կհանդիպեն դրանց նախագահների, կամավորների և սոց. քույրերի հետ, կայցելեն նաև շահառուներին:
Այդ հանդիպումները կօգնեն տեղում ծանոթանալու սոցիալ-առողջապահության ոլորտում իրականացվող աշխատանքներին, առավել հստակ գնահատելու իրավիճակը՝ հետագա ծրագրերը պլանավորելու համար: