Մեկնարկում է «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը
Հոկտեմբերի 5-ին, ժամը 11:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերը հայտարարեցին «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի մեկնարկը:
Միջոցառմանը ներկա էին ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան, Շիրակի մարզպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը, Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը:
Ծրագրի շրջանակներում Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերը եռակողմ փոխըմբռնման հուշագրեր կնքեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ Առողջապահության նախարարությունների հետ:
ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ողջունելով ներկաներին, նշեց.
- Սոցիալ-առողջապահական ոլորտը Հայկական Կարմիր Խաչի ընկերության կարևորագույն ռազմավարական ուղղություններից է և, օգտագործելով իր փորձն ու կարողությունները, Ազգային ընկերությունը պատրաստ է լայն համագործակցության, այդ թվում՝ իր ներդրումն ունենալու սոցիալ-առողջապահական ոլորտի քաղաքականության մշակմանը:
Տարեցների համար առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման ճանապարհին շատ կարևորում և գնահատում ենք միջազգային, ազգային և մարզային մակարդակում համագործակցությունը: Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և հատկապես շնորհակալ ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, ՀՀ Շիրակի և Լոռու մարզպետարաններին` մեզ աջակցելու համար:
ՀԿԽԸ-ն «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրն իրագործում է Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ համագործակցությամբ ու ֆինանսավորմամբ: Առաջին փուլը իրականացվելու է մինչև 2019թ. դեկտեմբերը` Շիրակի և Լոռու մարզերում: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց և հաշմանդամների կյանքի որակը` ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով:
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
Արդյունքում համայնքներում ստեղծվելու են համայնքային տնային խնամքի կենտրոններ, բուժքույրերից, տնային խնամք իրականացնողներից ու կամավորներից կազմված արձագանքման շարժական թիմեր, իսկ ակտիվ ծերացման ջատագովման նպատակով ձևավորվելու է առնվազն տասը համայնքային ակտիվ խումբ: Ծրագիրը հնարավորություն կտա նշված մարզերում ներդնել տարեցների խնամքի նոր մոդել:
Առաջին փուլում ներգրավվելու են 2 մարզերի միայնակ կամ մենակ ապրող տարեցներ, սահմանափակ կարողություններով, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող առավել խոցելի անձինք՝ ընդհանուր առմամբ 200 շահառու:
Նախնական հետազոտությունները պարզել են, որ տարեցները և սահմանափակ կարողություններով անձինք ցանկանում են արժանապատիվ կյանք ունենալ, լինել որքան հնարավոր է անկախ, ստանալ խնամք և աջակցություն՝ մնալով տանը, մասնակցել համայնքային ակտիվ կյանքին՝ ունենալով հնարավորություն կիրառելու իրենց գիտելիքներն ու հմտությունները:
Ծրագիրը հիմնված է Շվեյցարական Կարմիր Խաչի տնային խնամք և մի շարք երկրներում (Բուլղարիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Մոլդովա, Ղրղզստան) մասնակցային համայնքային աշխատանքներ իրականացնելու դրական փորձի վրա, որն ապացուցում է, որ ծրագրի բաղադրիչների համատեղումը չափազանց կարևոր է տարեցների, քրոնիկ հիվանդների և հաշմանդամների մոտ երկարաժամկետ արդյունք ունենալու համար:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորտում, լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման անդամ, օգտագործելով այդ շարժման հարուստ փորձն ու վստահությունը, տարիներ շարունակ բազմաբնույթ ծրագրեր է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում` մշտապես լինելով ամենախոցելիների կողքին:
Շիրակի և Լոռու մարզերում, մասնավորապես, գործունեություն է իրականցվում աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի և սոցիալ-առողջապահական, Որոնման ուղղություններով`նպաստելով համայնքների դիմակայունության բարձրացմանը, սոցիալապես անապահով խավերի պայմանների բարելավմանն ու մարդասիրական կարիքների բավարարմանը: