1993 թվականից ի վեր, Առողջապահության համաշխարհային կազմակերպության որոշմամբ մարտի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օր։
Այսօր Վանաձորում, Գյումրիում, Մասիսում և Հրազդանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները տեղեկատվական բուկլետներ տրամադրեցին անցորդներին՝ հիշեցնելով տուբերկուլյոզից և այլ օդակաթիլային վարակներից պաշտպանվելու կանոնները։
Մարտի 26-ին Վարդենիսում ՀԿԽԸ կամավորները Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի կուղեկցեն Շարժական ֆլյուրոգրաֆիայի անձնակազմին՝ իրազեկում իրականացնելով դիմողների շրջանում։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) երկրում՝ տուբերկուլոզով հիվանդների հետ աշխատող հիմնական դերակատարներից է եղել և մոտ ութ տարի աջակցել է Առողջապահության նախարարության Տուբերկուլոզի ազգային ծրագրի իրականացմանը։
Հանդիսանալով Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլոզով հիվանդներին» ծրագրի ենթաստացող՝ ՀԿԽԸ-ն իրականցրել է սոցիալ-հոգեբանական աջակցության և կրթական մասը` Հայաստանում գրանցված բոլոր` ինչպես դեղազգայուն, այնպես էլ դեղորայքակայուն ՏԲ հիվանդներին տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն և հիվանդության ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն: Միևնույն ժամանակ, ԿԽՄՖ հետ համագործակցությամբ, հնարավորություն է եղել աշխատելու հատկապես խոցելի դեղորայքակայուն ՏԲ հիվանդների հետ, որոնք ստացել են անհատական հոգեբանական խորհրդատվություն և սոցիալական աջակցություն։
2020 թվականի հունվարից՝ Գլոբալ հիմնադրամի ֆինանասական աջակցության Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ուժեղացում» ծրագիրը, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորների, սոցիալական աշխատողների և հոգեբանների կողմից սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրում ՏԲ հիվանդներին և նրանց ընտանիքի անդամներին, Համայնքային առաջնորդների, բուժաշխատողների հետ համագործակցության շրջանակներում համայնքային հանդիպումների կազմակերպում՝ ուղղված խարանի և խտրականության նվազեցմանը, բարեհաջող ելքով բուժումն ավարտած ՏԲ հիվանդների համար վերածնունդի միջոցառման կազմակերում, ՏԲ հիվանդների կոնտակտավորների համար ֆլուրոգրաֆիկ հետազոտությունների կազմակերպում, ՀԿԽԸ վերապատրաստում անցած կամավորների միջոցով աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում և ուղղորդում հետազոտման:
Ծրագրի շրջանակներում ՀԿԽԸ անձնակազմն ու կամավորներն աշխատել են տարեկան մոտ 450 հիվանդի հետ, իրազեկում և ուղղորդում իրականացրել 2241 աշխատանքային միգրանտի և նրանց զուգընկերների համար ՀՀ բոլոր մարզերում։